«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականի ապրիլի 22-ին։ Մինչ այդ Գեւորգյանը եղել է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը եւ հենց այդ ժամանակահատվածում էլ՝ 2017 թվականին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղին եւ բնակարանը ձեռք են բերված հիփոթեքով, ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 878 հազար դրամ։


Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 854 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 42 մլն դրամ եւ 50 հազար դոլար։ Գեւորգյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 351 հազար դրամ, որից 22 մլն 128 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, 47 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Պետական կառավարման ակադեմիայից, իսկ 6 մլն 175 հազար դրամը Գեւորգյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։ Նա վարկերի մարմանը հաշվետու տարվա ընթացքում ուղղել է 3 մլն 40 հազար դրամ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում