Գերմանիայի Բունդեսթագի մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատասխանատուների դեմ անձնական պատժամիջոցներ սահմանել։

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում իսկապես խիստ մտահոգիչ է, և ես ուշադիր հետևում եմ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին»,- «Հայպրես» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է Ալտը։

Նա նշել է, որ իրավիճակի բարելավման նպատակով քննարկումներ է անցկացնում որոշում կայացնողների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ վստահեցնելով, որ կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ բնակչության՝ մարդու իրավունքների ապահովման համար:

Նրա կարծիքով՝ ԵՄ-ն կարող է արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա միայն կենտրոնացված ուժով։ Ալտն անհրաժեշտ է համարել, որ Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը հանդես գան նախաձեռնություններով՝ «շրջափակման քաղաքական ճարտարապետների դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու համար»։