Այս նախընտրական շրջանում Երեւանում ակնհայտորեն փորձեր են կատարվում ժամանակն օգտագործել տարբեր ձեղնահարկերի, կրպակների, ինքնակամ այլ տեսակի շինություններ կառուցելու համար. ես ուզում եմ հասկանալ՝ ինչպիսին է մեր արձագանքը, այն պետք է լինի մաքսիմալ կոշտ: Այսինքն ոչ թե միայն պետք է կասեցվի դա, այլ պետք է քանդենք ու շուտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Իր հերթին Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը տեղեկացրեց, որ օգոստոսի ընթացքում Երեւանում իրականացվել է քանդման 31 աշխատանք, որոնցից 8-ը շատ կարեւոր են Երեւանի համար. «Դրանք բենզալցակայաններն են Կենտրոն, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում: Թումանյան 39 հասցեում կառուցված վերնահարկը ամբողջությամբ ապամոնտաժվել է օգոստոսի վերջում: Հենց այս պահի դրությամբ Արամի 60 հասցեում սկսում ենք քանդման աշխատանքները: Հիշեցնեմ, որ հունիսի 3-ին անօրինական կառույց է իրականացվել Եղիշե Չարենցի տուն թանգարան համարվող շենքի վերնահարկում: Հունիսի 4-ին մեր վարչության կողմից կազմվել է արձանագրություն: Տվյալ ժամանակհատվածում համատիրությունը դիմել է արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին: Նախորդ ուրբաթ ստացվել է եզրակացությունը, ինչը հավաստում է, որ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման, ինչպես նաեւ հանրային վտանգ է պարունակում երրորդ մարդկանց համար: Այսօր առավոտից արդեն աշխատակիցները տեղում են, տեխնիկան նույնպես եւ մեկնարկում են վերնահարկի քանդման աշխատանքները»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը հանձնարարեց ուշադրություն սեւեռել մի քանի այլ դեպքերի վրա եւս, «Մասնավորապես, Մաշտոցի 47 հասցեում, ենթադրում եմ դուք եւս այդ ահազանգից տեղյակ եք»:

Ասատրյանը տեղեկացրեց, որ դրա հետ կապված արձանագրություն է կազմվել, տվյալ բնակիչը պարտավորվել է ինքնուրույն քանդել շինությունը, որի համար 1-2 օր ժամանակ են տրամադրել:

Ավինյանն արձագանքեց. «Մարդ, ով այս շրջանն օգտագործում է արագ-արագ վերնահարկ կառուցելու համար, անվստահելի մարդ է, իր հետ պայմանավորվել պետք չի, պետք է քանդել: Ես չեմ հավատում էդ մարդուն եւ իր խոստումներին: Եթե մարդը այս շրջանն օգտագործում է, որ այլանդակի մեր շենքերից մեկը, ինքը չի կարա ազնիվ մարդ լինի եւ իր խոսքի տեր մարդ լինի: Հետեւապես գնացեք, հետեւեք եւ քանդեք ինքնուրույն»:

Յակով Ասատրյանը խոստացավ, որ հենց այսօր միջոցներ կձեռնարկեն:

Ավինյանը շարունակեց. «Չնայած նախկինում ընդունված է եղել նախընտրական շրջանում քիչ տուգանվել, ես հակառակը, հորդորում եմ ավել տուգանվել բոլոր խախտումների դեպքերով, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ տարբեր սուբյեկտներ այս շրջանն օգտագործում են տարբեր ապօրինիություններ իրականացնելու համար: Բոլոր այն դեպքերում, անկախ նրանից, որ նախընտրական շրջան է, երբ կա քաղաքաշինական նորմերի խախտում, երբ չկան ցանցերը, որի մասին արդեն կես տարի խոսում ենք, ամեն օր տուգանեք: Գնացեք եւ տուգանեք, Ազատության պողոտայում շինարարության կահավորումը պատշաճ չէ, մի քանի անգամ եմ ասել, այլեւս չեմ ուզում կրկնել: Պարտադիր կգնաք եւ կտուգանեք»: