«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 75 463 ձայն, որը, մեծ հաշվով, պետական ռեսուրսներով հավաքված ձայներ էին:

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ:

Խոսենք թվերով․

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատում է գրեթե 35 հազար մարդ, դրա մեջ մտնում են մանկապարտեզներ, դպրոցներ, որոշ կրթական եւ մշակութային կենտրոններ։ Այս թվին ավելացնում ենք նաեւ Հայաստանի ոստիկանական ջոկատները, Ներքին զորքերին ենթակա խմբերը, Պարեկային ծառայությունը եւ նմանատիպ այլ ուժային կառույցներ, որոնք ենթարկվում են եւ՛ վարչապետին, եւ՛ քաղաքային իշխանություններին։ Այս կառույցների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների, նրանց բարեկամների թիվը կազմում է գրեթե 25 հազար մարդ։ Եվս 15 հազար այն մարդիկ են, որոնք կա՛մ սատարում են ՔՊ-ականներին, կա՛մ այլ երկրի քաղաքացիներ են, որոնք մտնում են «բերված» մարդկանց մեջ։

Հիշեցնենք նաեւ այն փաստը, որ ընտրությունից առաջ հայտարարվում էր, որ մեկնարկել է պարեկային ծառայություն անցնելու դասընթացների նոր փուլ։ Այսինքն՝ իշխանական ուժերը, տեղեկանալով, որ այս իրավիճակում դժվար թե 2018 թվականի հեղափոխության մասնակիցները, այսինքն՝ նրանց սատարողները ընտրեն ՔՊ-ին, իշխանությունները համալրում էին ներքին զորքերի անձնակազմը, հաստիքներ էին ստեղծում՝ տեղակալի տեղակալի տեղակալ, քարտուղարի քարտուղար եւ այլն։

Իրենք իրենց ապահովագրված չհամարելով՝ հաշվի են առել, որ գոնե պետական գերատեսչությունները կընտրեն հենց իրենց։ Նրանք, սակայն, հաշվի չէին առել, որ իրենց ջանքերը գուցե չբավականացնեն, եւ հաշվի չէր առնվել նաեւ, որ փաստացի ընդդիմությունն ավելի շատ ձայներ հավաքեց, քան այն իշխանությունը, որը վարչական ռեսուրս բերելու եւ հաղթանակած ընտրություններ ունենալու համար ծախսել է 263 մլն դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում