ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասում է, թե քաղաքացիները զանգում են իրենց ու ասում՝ պինդ եղեք։

«Ասում ենք՝ մենք Հայաստանի պետականության կողքին ենք, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կողքին ենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց նա։

Հարցին, թե իրեն քաղաքացիները չեն հարցնո՞ւմ, թե ինչ արեցիք Արցախի հետ, Պապոյանն արձագանքեց. «Ոչ, զանգել են, ասում են, թե ինչ արեցին ՀՀ նախկին նախագահները, երբ նաեւ իրենց միջամտությամբ Ղարաբաղում փոփոխություններ եղան, այդ թվում իշխանության: Քաղաքացիներն ասում են՝ իշխանություն ին ուզում երեք տարի, տվեցիք ՀՅԴ-ին իշխանություն Ղարաբաղում, տեսանք ինչ եղավ: մեկ շաբաթում կապիտուլյացիան եղավ:

Ավելին ասեմ՝ մարդիկ, որոնք մեզ քննադատում են, մեզ չեն ընտրել, վաղը կարող է էլի չընտրեն, հիմա զանգում ու ասում են՝ ձեր կողքին ենք, որովհետև սրանով մենք կանգնած ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության կողքին»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ: Կարմիրբերետավորներն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։ Մասնավորապես, բերման են ենթարկվել ԱԺ պտգամավոր Թադեւոս Ավետիսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։