Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ ֆորմալ որոշում լիազորված է ընդունել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին ՄԽ ապագայի մասին հարցին՝ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին «կանաչ լույս» են տվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ, այն ժամանակ կազմակերպությունն այդպես էր կոչվում) 1992-ի մարտի 24-ի լրացուցիչ հանդիպումների ամփոփիչ փաստաթղթերը:

Ավելի ուշ՝ 1994 թվականի դեկտեմբերի 6-ին, Բուդապեշտում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը ստեղծեց Մինսկի խմբի համանախագահների մշտական ​​ձևաչափը։ Զախարովան հիշեցրել է, որ 1997 թվականի հունվարից նրանք եղել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

«2022 թվականի փետրվարի 24-ին Փարիզի նախաձեռնությամբ, Վաշինգտոնի անմիջապես աջակցությամբ, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները կամայականորեն (այսինքն՝ առանց ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հավանության), առանց որևէ խորհրդակցության կամ նույնիսկ պատճառների բացատրության, հրաժարվեցին շփվել իրենց ռուս գործընկերոջ հետ»,- ասաց նա:

Այսպիսով, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոպտորեն խախտեցին ԵԱՀԿ անունից իրենց վերապահված պարտականությունները և հանուն իրենց շահերի մոռացության մատնեցին տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների կարիքներն ու ձգտումները, հավելել է նա։

Զախարովայի խոսքով, «բացառապես արևմտյան համանախագահության մեղքով Մինսկի խմբի հիմնականում եզակի մեխանիզմը դադարեց աշխատել դրա լուծրման մասին սեպտեմբերի 28-ի հրամանագրի հրապարակումից շատ առաջ»:

«Վաշինգտոնը և Փարիզը դեռ չեն համարձակվել մեզ հայտնել իրենց բացահայտ դեմարշի պատճառները», - ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ճակատագրին, ապա այս հարցի վերաբերյալ պաշտոնական որոշումն իրավասու է ընդունել այն ստեղծած միջազգային կառույցը, այն է՝ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը, եզրափակել է Զախարովան։