Ղարաբաղի տարածքը վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն ​​բանից հետո, երբ անցած տարի նոյեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որով արմատապես փոխվեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղի տարածքը հիմա, ինչպես դուք ասացիք, փաստացի դարձել է Ադրբեջանի տարածք,ապա այն հիմա չի դարձել։ Այն վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն ​​բանից հետո, երբ անցյալ տարի՝ նոյեմբերին, Պրահայում կայացած հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է»,- ասել է ՌԴ նախագահը։

Ըստ նրա, նախորդ բոլոր տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն հարցի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։

«Չմանրամասնեմ, բայց ուզում եմ ասել, որ նախորդ տասնամյակների ընթացքում մենք բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի շուրջ համաձայնության։ Ինչն է միշտ խնդիր եղել․ պայմանավորվում էին, որ պետք է հանրաքվե անցկացվի։ Բայց մի կողմն ասաց, որ չի կարող նշել այս հանրաքվեի ամսաթիվը։ Սա Ադրբեջանն է։ Որովհետև եթե ընթացիկ պայմաններում հանրաքվե անցկացվի, անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե նույնիսկ 20 տարի հետո, հանրաքվեի արդյունքը պարզ կլինի։ Եվ դրա համար առաջարկվել էր դա թողնել ապագա սերունդների որոշմանը։ Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր հանրաքվեի օրը որոշել, իսկ այս հանրաքվեում որոշել Ղարաբաղի կարգավիճակը, քանի որ իրենք էլ ելնում էին նրանից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվեր 20 տարի հետո, ապա բնակչության ներկայիս կազմով, արդյունքն ակնհայտ կլիներ։ Սա էր խնդրի էությունը, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում, սա էր կարգավիճակի որոշման հիմնական խոչընդոտը: Դե, իսկ հիմա, անցյալ տարի Պրահայում Հայաստանի ղեկավարությունը փակեց այս թեման և ասաց. Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, նույնիսկ նշեց քառակուսի կիլոմետրերի թիվը՝ վկայակոչելով 1991 թվականի պայմանագիրը, երբ նախկին միութենական հանրապետությունների պետական ​​սահմանները որոշվում էին Խորհրդային Միությունում հաստատված սահմանների համաձայն։ Վերջ։ Թեման փակված է։ Ուստի, երբ 2020 թվականի նոյեմբերին մենք պայմանավորվեցինք այդ տարածքում մեր խաղաղապահների ներկայության մասին, նախ՝ նրանց մանդատը մի բանի համար էր․ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումը։ Եվ երկրորդ՝ վերջնականապես որոշված ​​չէր Ղարաբաղի կարգավիճակը»,- ​​ընդգծել է ՌԴ նախագահը։