«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական ֆուտբոլի խայտառակ ցուցանիշների թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմն են: Տարիներ շարունակ մամուլը գրել է, 15 մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող այս հիմնարկում կատարվում են տարօրինակ իրադարձություններ, ու տպավորություն է, որ բացարձակ երկրորդական տեղում է ֆուտբոլը, եւ առաջ է մղվել կոմերցիան ու բիզնեսը:

Շրջանառվել ու շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ շինարարությունների հետ կապ ունեն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչներ Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը: Մամուլը գրեց, թե այս տարիների ընթացքում ինչքան են հարստացել ՀՖՖ ղեկավարները (կառուցել են տներ, գնել են թանկարժեք մեքենաներ եւ այլն): Իրավիճակի աբսուրդն այն է, որ ֆուտբոլը սրբություն համարող ֆուտբոլասերները, 2050թ.-ին ֆուտբոլի ազգային հավաքականի համար մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանն ու այլ «օբյեկտիվ հայրենասերներ» թքած ունեն, թե ինչ է կատարվում. նրանք հարցեր չեն տալիս այս ամենի թիվ մեկ մեղավորին:


Ավելին՝ իշխանությունն արդեն իսկ գծել է, թե ինչպես պետք է այս տարվա դեկտեմբերին կազմակերպի Արմեն Մելիքբեկյանի վերընտրությունը: Տեղեկություններ են հասնում, որ ազգային հավաքականների խայտառակ արդյունքների ֆոնին՝ Արմենի՝ գոյություն չունեցող վարկանիշը բարձրացնելու համար նախատեսվում է հայտարարել Ազգային մարզադաշտ կառուցելու մասին, ավելին՝ տալ կոնկրետ տվյալներ, թե որտեղ է կառուցվելու ու ինչ տեսք է ունենալու այն:

Կարեւոր չէ, թե կլինի նոր մարզադաշտ, թե ոչ, կարեւորը հերթական անգամ հասարակությանը կներկայացվի գեղեցիկ, սակայն վիրտուալ մի բան, ինչպես դա արվել է նախկինում բազմիցս, իսկ մինչ այդ մեր հավաքականները կխայտառակվեն ամենուր: Հույս ունենալ, որ Մելիքբեկյանը կամովին կհրաժարվի այդ պաշտոնից, կընդունի, որ ձախողել է, ու ներողություն կխնդրի, ապարդյուն է:

Իսկ հիմա թվերով. Մելիքբեկյանի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ 17 տարեկանների հավաքականը վերջին 12 խաղերից պարտվել է բոլոր 12-ը, ընդունել է 53 գոլ, խփել՝ 3-ը: 19 տարեկանների հավաքականում իրավիճակն ավելի վատ է. նախ՝ այստեղ հրավիրված են 7 ֆուտբոլիստներ դրսից, վերջին 12 խաղերում չեն ունեցել թոփ մրցակիցներ, պարտվել են 8 խաղ, հաղթել՝ 2-ը, եւ 2 խաղ ավարտել ոչ-ոքի, հանրագումարում բաց են թողել 34 գոլ, խփել՝ ընդամենը 9-ը: Ամենաողբերգական վիճակում 21 տարեկանների հավաքականն է. այս տղաները պետք է փոխարինեն ազգային թիմին ու համարվում են ռեզերվը, իսկ վիճակն այսպիսին է. 24 խաղից պարտվել են 21-ում, 1 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ տանը հաղթել են Լյուքսեմբուրգին ու Ֆարերյան կղզիների իրենց հասակակիցներին, սակայն նույն թիմերին մրցակցի հարկի տակ պարտվել են: 21 տարեկանների ազգային թիմը 24 խաղերում բաց է թողել 70 գոլ, խփել՝ 13-ը:

Այս տարի մեր երիտասարդական հավաքականը եվրոպական վարկանիշային աղյուսակում գավավիժել է ամենաստորին հորիզոնականներ, «Եվրո 2026»-ի վիճակահանությանը հայտնվել է նույն զամբյուղում Սան Մարինոյի, Ջիբլարթարի ու Անդորրայի հետ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում