Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը լրագրողներին ասել է, որ Եվրամիության երկրների ղեկավարները ուրբաթ երեկոյան չեն կարողացել կոնսենսուսի հասնել Ուկրաինային հետագա ֆինանսական օգնության թեմայի շուրջ և այդ հարցի քննարկմանը կվերադառնան հաջորդ տարվա սկզբին:

«Մենք գագաթնաժողով կպատրաստենք, որը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Միշելը։

Նա հավելել է, որ կրկին կքննարկվի ԵՄ բյուջեի վերանայումը, որը նախատեսում է առաջիկա տարիներին Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ հատկացնել։ Միշելը հաստատել է, որ բյուջեի նոր տարբերակի հաստատման գլխավոր խոչընդոտը Հունգարիայի դիրքորոշումն է։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X ցանցում հաստատել է, որ գագաթնաժողովում արգելափակել է Կիևի համար միջոցների հատկացումը։

«Մենք այս հարցին կանդրադառնանք հաջորդ տարվա սկզբին գագաթնաժողովում՝ անհրաժեշտ նախապատրաստություններից հետո»,- գրել է նա։

Politico-ն, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան հասկացրել է, որ չի փոխի իր դիրքորոշումը Ուկրաինային ֆինանսական օգնության հարցում, ուստի այս հարցի քննարկումը հետաձգվել է 2024 թվականի սկզբին։