«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետության ղեկավարի պաշտոնին առաջադրվում է ոչ թե որեւէ կուսակցության կողմից, այլ պետք է ստորագրություններ հավաքի որպես ինքնաառաջադրվող։

«Այսօր կազմկոմիտեի ժողովի ժամանակ կհայտարարվի, որ նա որեւէ կուսակցությունից չի առաջադրվում՝ ոչ «Միասնական Ռուսաստանից», ոչ մեր կուսակցությունից։ Նա ստորագրություններ է հավաքելու»,- գործակալությանն ասել է Սերգեյ Միրոնովը Վլադիմիր Պուտինի առաջադրման նախաձեռնող խմբի ժողովի շրջանակում։

Գործող օրենսդրության համաձայն՝ ինքնաառաջադրվողները պետք է ընտրություններին մասնակցելու համար հավաքեն 300 հազար ստորագրություն իրենց օգտին։ Սյդ ընթացակարգից ազատված են հինգ կուսակցությունների թեկնածուները, որոնք խմբակցություններ ունեն Պետդումայում։ Արտախորհրդարանական կուսակցությունների թեկնածուները պետք է ԿԸՀ ներկայացնեն 100 հազար ստորագրություն։

Վլադիմիր Պուտինը հինգերորդ նախագահական ժամկետի պլանների մասին հայտարարել է դեկտեմբերի 8-ին։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Մոսկվայի «Զարյադիե» համերգասրահում տեղի է ունենում նրա առաջադրման գծով ընտրողների խմբի ժողովը։ Նախագահական ընտրությունների քվեարկությունը ընթանալու է երեք օր՝ 2024թ. մարտի 15-ից 17-ը։

Առաջադրվելու են նաեւ Դոնեցկի նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը եւ Դոլգոպրուդնիի «Աջ ուժերի միության» պատգամավոր Բորիս Նադեժդինը։

«Յաբլոկո» կուսակցության դաշնային քաղաքական կոմիտեի նախագահ Գրիգորի Յավլինսկին նման հնարավորությունը կքննարկի այն դեպքում, եթե իր աջակցության համար հավաքվի 10 մլն ստորագրություն, տեղեկացրել է «Կոմերսանտը»։