Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում. ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայի քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 252 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:


Տուժող Մ. Մելիքյանը է իր կնոջ և որդու հետ եղել է Արթիկի Անկախության փողոցի 8-րդ հասցեում, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձնինք, և ներկայացել, որ իրենք ուժային կառույցի աշխատակից են և իրենց հետ պետք է գան բաժին:

Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և նրանց մոտից հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր:

Այդ զարդերը տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն: Այդպես էին ասում դեպքի վայրում հավաքված տուժածների հարազատները

Այնուհետև 2 դիմակավորվածները բռնի ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենա և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել:

Որոշ ժամանակ անց Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մ.-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8 հասցեի մոտ՝ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով:

Կայքի տեղեկություններով՝ Opel-ի համարանիշները ոստիկանները, պարեկներն ու քննիչները ճշտել են, և պարզվել է, որ այդ համարանիշները ժամեր առաջ գողացել են Վանաձոր քաղաքում մեկ այլ Opel-ի վրայից:

Իսկ գողացված ոսկեղենը կազմում է մոտ 85 հազար դոլար: