ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն զգալիորեն խորացել է՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը և ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ (երկու տարի) քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ: Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին։

«Առաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ-ի աջակցությամբ գործադրվող ջանքերին։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է նոյեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 12-ին ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել քաղաքացիական առաքելության թվաքանակի ավելացմանը՝ 138-ից հասցնելով 209-ի»,- նշված է զեկույցում։

2023 թվականին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկել է քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին: Նիստերի արդյունքում ընդունվել են համատեղ հայտարարություններ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու ԼՂ-ին առնչվող հարցերին:

Տարվա ընթացքում շարունակվել են շփումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև: Կայացել են երեք հեռախոսազրույց (մարտի 25-ին, մարտի 30-ին, ապրիլի 26-ին) և հինգ հանդիպում (փետրվարի 2-ին, մայիսի 13-ին, հունիսի 1-ին, հուլիսի 15-ին և հոկտեմբերի 5-ին):

ՀՀ վարչապետը հանդիպումներ (փետրվարի 17-ին և հոկտեմբերի 5-ին) և հեռախոսազրույց (հոկտեմբերի 2-ին) է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի ակտիվացմանը։ Տնտեսական համագործակցության շրջանակներում ընդգծվել է Հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում։

2023 թվականի հունիսի 1-ին և հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում և Գրանադայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին, որոնց շրջանակներում ունեցել է երկկողմ շփումներ մասնակից երկրների առաջնորդների հետ:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար առանցքային էր 2023 թվականի հոկտեմբերի 16-17-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եվրոպական խորհրդարան, որի շրջանակներում ՀՀ վարչապետը ելույթով հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին:

2023 թվականի հունվարի 24-ին, նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցերով եղել է Բրյուսելում, որոնց շրջանակներում ելույթով հանդես է եկել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի գլխավոր վեհաժողովի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև մասնակցել է ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպ-մանն ու ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների նիստին։

2023 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարը 5 հանդիպում (հունվարի 25-ին, մարտի 3-ին, սեպտեմբերի 19-ին, հոկտեմբերի 5-ին, նոյեմբերի 29-ին) և 1 հեռախոսազրույց (օգոստոսի 2-ին) է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման համար առանցքային էր 2023 թվականի նոյեմբերի 27-29-ը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակներում նոյեմբերի 29-ին Երևանում տրվեց ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանից բխող ուղենշային նախաձեռնությունների իրագործման խթանմանն ուղղված ՀՀ–ԵՄ ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաստատված 5 ուղենիշների շրջանակներում 2023 թվականի վերջի դրությամբ շուրջ 550 մլն եվրո արժողությամբ ծրագրեր են հաստատվել և մեկնարկել:

ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում 2023 թվականի ընթացքում հաստատվել է 49,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երեք դրա¬մաշնորհային համաձայնագիր (2-ը՝ բյուջետային աջակցության տրամաբանությամբ), մասնավորապես, «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» (32 մլն եվրո), «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրա¬կանացմանը. Փուլ II» (11 մլն եվրո) և «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխություն¬ների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղա¬կան վայրերում» (6,5 մլն եվրո):

2023 թվականին տրվել է ԵՄ-ի, ԵՄ անդամ մի շարք պետությունների, Շվեյցարիայի, ինչպես նաև ԵՆԲ-ի համատեղ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկը, որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար հայտարարվել էր շուրջ 51 մլն եվրո, իսկ տարվա ընթացքում ավելացել է՝ դառնալով շուրջ 116 մլն եվրո: Նախաձեռնության հիմնական նպատակներն են՝ նպաստել Սյունիքի մարզում ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը։

2023 թվականի արդյունքներով Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի համեմատ աճել է 17,1%-ով՝ կազմելով շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլար: