Եվրոպական երկրները պետք է այնքան գումար հատկացնեն Ուկրաինային օգնելու համար, որքան ԱՄՆ-ն, հակառակ դեպքում դա անարդար է ամերիկացի հարկատուների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրոպան Ուկրաինայի վրա ծախսում է մոտ 100 միլիարդ դոլար ավելի քիչ, քան մենք: Կարծում եմ՝ սա շատ անարդար է Ամերիկայի նկատմամբ։ Սա շատ անարդար է Միացյալ Նահանգների հարկատուների նկատմամբ»,- ասել է Թրամփը չորեքշաբթի օրը հրապարակված Newsmax-ին տված հարցազրույցում։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի այն հարցը, թե նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կկրճատի՞ Կիևի ֆինանսավորումը։

«Եվրոպական երկրները միասին պետք է վճարեն նույն գումարը»,- հավելել է Թրամփը՝ ընդգծելով, որ Ուկրաինայում իրավիճակն ավելի կարևոր է իրենց անվտանգության համար։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով մարտի 8-ին հանդիպել էր Թրամփին Ֆլորիդայում գտնվող նրա կալվածքում, ասել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը Սպիտակ տուն վերադառնալու դեպքում չի ֆինանսավորի ռազմական գործողությունները Ուկրաինայում և միջոցներ չի հատկացնի Եվրոպայի անվտանգության համար։