Ռուսաստանը Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հարցով ՄԱԿ ԱԽ նիստ կնախաձեռնի և կպահանջի, որ այն անցկացվի որքան հնարավոր է շուտ, «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Վստահ եմ, որ մեր դիվանագետները կպահանջեն մոտ ապագայում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, որպեսզի միջազգային հանրության և միջազգային ամենախոշոր կազմակերպության կողմից դատապարտվեն այս գործողությունները»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։