Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական վիրավորված հայտարարությունն է արել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հասցեին։

Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ «Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերման պլանները Խաղաղության եվրոպական ֆոնդի շրջանակում վնասում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»։

Բաքվում նշել են, որ դժգոհությունը կապված է նաեւ ԵՄ դիտորդական առաքելության հետ։ «Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին դիմել են Եվրոպական միության կարճաժամկետ դիտորդական պոտենցիալի (կազմված 40 քաղաքացիական փորձագետներից) տեղակայմանը համաձայնություն տալու մասին, որոնք ենթադրաբար պետք է իրենց ավանդը ներդնեին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության հաստատման գործում հայկական կողմի չսահմանազատված սահմանի երկայնքով։ Ցավոք, նախնական երկամսյա ժամկետից հետո, առանց Ադրբեջանի համաձայնության, ԵՄ դիտորդական առաքելությունը վերածվեց Հայաստանում ԵՄ առաքելության՝ ժամկետի զգալի ավելացմամբ եւ մեծաքանակ դիտորդներով։ Այդ ժամանակվանից այդ առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։ Բացի այդ, ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայի միանալով այն դե ֆակտո հանդիսանում է ՆԱՏՕ-ի առաքելություն։ Այդ քայլերն ուղեկցվում են նաեւ հայտարարություններով, որոնցում առաքելությունն անվանում են «զսպող ուժ» եւ առանց որեւէ հիմնավորման ստեղծում Ադրբեջանի հնարավոր միջամտության պատրանք»,- նշվել է հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհատական մեղադրանքներ է հասցեագրել Ֆրանսիային՝ «մտահոգություն հայտնելով Հայաստանի ռազմականացման առումով»։ «Հունաստանը՝ ԵՄ եւս մեկ անդամ, վերջերս հայտարարություն է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցության խորացման մասին»,- շարունակում են նեղսրտել Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ միաժամանակ տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացման պատասխանատվությունը դնելով Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Աստված գիտի, թե էլի ում վրա։

Մինչդեռ, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ փորձ պատասխանելու միջազգային հանրության կոչերին Հայաստանի տարածքի հանդեպ ախորժակը զսպելու մասին։ Բաքուն նման հայտարարություններով փորձում է պատրանք ստեղծել, որ կապ չունի իրավիճակի շարունակվող սրման հետ՝ Երեւանի հանդեպ տարածքային հավակնությունների հետեւանքով։