Շվեդիայի խորհրդարանում Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Սթոքհոլմում Հայաստանի դեսպանի և այլ հյուրերի մասնակցությամբ հիշատակի արարողություն կկազմակերպի։ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում այս մասին հայտնել է Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնը։

«Այստեղ՝ Շվեդիայի խորհրդարանում, Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը արարողություն կկազմակերպի Շվեդիայում Հայաստանի դեսպանի և այլ հյուրերի հետ։ Ցավոք, այս տարվա Հիշատակի օրը ավելի արդիական է թվում, քան եղել է նախորդ մի քանի տարիների ընթացքում»,- նշեց պատգամավորը։

Էրիկ Հելսբորնը, համեմատականներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և նախորդ տարի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման միջև, ընդգծեց․ «Արցախում անցյալ տարվա էթնիկ զտումներով աշխարհին հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը»: