Երթը շարժվում է ժամանակացույցով, խնդիրը լայն հանրային համախմբում ստեղծելն է։ Այս մասին ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը լրագրողների հետ զրույցում, մայիսի 7-ին Սոլակ գյուղի մոտ երթն սկսվելուց առաջ։

«Շարժվում ենք ըստ գրաֆիկի։ Ոչ ոք չի կարող շեղել դրանից։ Որ ժամանակ ինչ պետք է ասել, այդպես էլ կլինի։ Կա գրաֆիկ, եւ կա նպատակ։ Խնդիրը լայն հանրային համախմբում ստեղծելն է»,- ընդգծել է սրբազանը՝ ավելացնելով, որ հակառակ կողմի ուժը չարի եւ պառակտման մեջ է։

Բագրատ Գալստանյանը հիշեցրել է, որ 2021թ. նույն մարդը, որն այժմ «սահմանազատում» է իրականացնում, Կիրանցի եւ Ոսկեպարի բնակիչներին հավաստիացնում էր, որ նման օրակարգ չկա։ Հիմա ոչ միայն հակառակն է ասում, այլեւ ահաբեկում է ժողովրդին պատերազմով, ավելացրել է թեմի առաջնորդը։

«Ճշմարտությունը պետք է հաղթի ստին։ Ստի համար պետք է պատասխան տան։ Եկել-ասում է մի բան, իսկ երկու օր հետո սկսեցին երկրաչափական աշխատանքները։ Ուստի մենք պետք է լուծենք գործընթացը կանգնեցնելու հարցը։ Թե ինչպես դա տեղի կունենա՝ ցույց կտա ժամանակը։ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որտեղ է իր սահմանը, բայց ոչ ճնշման եւ սպառնալիքների տակ։ Ո՛չ թելադրանքով, ո՛չ դաշնակցի, ո՛չ էլ թշնամու։ Ինչպե՞ս առհասարակ կարելի է ասել «գյուղերը տվեցինք՝ ռիսկերը նվազեցրինք»։ Ինչքա՞ն նվազեցրիք։ Ո՞վ է դա առհասարակ որոշել։ Այսինքն՝ թշնամին կրակելու է ոչ թե 20, այլ 2 փամփու՞շտ։ Գյուղ մտնելու է օրը մե՞կ, թե՞ ամեն օր»,- հարց է տվել սրբազանը՝ նշելով, որ իշխանությունների վարկածով մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի։

Այդ պահին սրբազանին մոտեցավ մի կատվիկ, Բագրատ Գալստանյանը նրան ձեռքերի մեջ վերցրեց ու շարունակեց շփվել լրագրողների հետ՝ կենդանին ձեռքին։

Ամփոփելով՝ սրբազանը երգեց Կոմիտասից մի կտոր, որի իմաստը կոչն է՝ չար մարդու հոգին հողի տակ անցնելու մասին։