Հեղափոխությունը նրա համար էր, որ մենք այս բոլոր խնդիրների մասին խոսենք. Հեղափոխությունից առաջ դուք չէիք կարող գնալ եւ երկրի ղեկավարին այսպիսի հարցեր տայիք: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում ըստ միջազգային զեկույցների, կոռուպցիոն հանցագործությունների աճ կա, թիրախավորվում են միայն ընդդիմադիր գործիչները եւ այլն:

«Միջազգային զեկույցները նաեւ նրա համար են, որ մենք կողքից մեզ կարողանանք տեսնել: Այդ բոլոր զեկույցները կառավարությունում, անվտանգության խորհրդում քննարկվում են, փորձում ենք հասկանալ: Իմ ականջը ծակեց պնդումը, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում թիրախավորվում են միայն նախկին պաշտոնյաները: Այդ գործընթացում թիրախավորվում են նրանք, որոնք ունեն ապօրինի գույք: Եթե որեւէ մեկը չունի ապօրինի գույք, ո՞նց թիրախավորվի: Ես չեմ կարծում, թե ՀՀ-ում որեւէ սահմանափակում կա: Ես հիմա չեմ կարող ասել, որ եթե նման դեպքեր լինեն, դրանք կքննվեն եւ իրենց լրումին կհասնեն: Կարեւոր է արձանագրել, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով այսօր դատարաններում է գտնվում 1,3 մլրդ դոլարի ապօրինի գույքով դատական հայցեր: Դա հեղափոխության արդյունք է»,-ասաց նա:

 

Անդրադառնալով գերիների խնդրին, Փաշինյանն ասաց, որ այդ թեմայի ինտենսիվությունը չի նվազել. «Քանի դեռ այդ հարցը չի լուծված, այ թեմայի շուրջ ինտենսիվությունը չի կարող պակասել»:

Հարցին, արդյոք իշխանությունը պատրաստվում է բիրտ ուժ կիրառել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման նկատմամբ, Փաշինյանն արձագանքեց. «Ինչ-որ մեկը պատրաստվում է անօրինական բան անե՞լ, որ բիրտ ուժի թեման բերվում է օրակարգ: Հիմա, որ դուք եկաք այստեղ, ձեր նկատմամբ բիրտ ուժ կիրառվե՞ց: Չկիրառվեց, որովհետեւ ոչ մի ապօրինի բան չեք արել: Բայց եթե ասենք, փորձեք նռնակ հանել այստեղ, գցել, ձեր նկատմամբ հնարավոր ամենաբիրտ ուժը կկիրառվի: Եթե ոչ, ոչ մի բան տեղի չի ունենա»:

Վարչապետը խոսեց նաեւ իր հրաժարականի պահանջին. «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որում, մի քանի անգամ: Անլուրջ է, որ վարչապետը անընդհատ հրաժարական է տալիս: Ինչ վերաբերում է ՀՀ-ում քաղաքական պրոցեսներին, դրանք կարող են տեղի ունենալ: Այդ պրոցեսներում կա մի կարեւոր բան, որ երբեք չի սասանվի՝ ժողովրդի ձայնի վճռական նշանակությունը երբեք չի կարող նսեմացվել»: