Նոյեմբերի 21-ի երեկոյան Թել Ավիվի «Դան» հյուրանոցում տեղի է ունեցել լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի մամլո կոնֆերանսը, ով նոյեմբերին 23-ին Իսրայելում տալու է առաջին և միակ համերգը:
«Մենք` հայերը և հրեաները, այնքան ողբերգություն ենք ապրել, որ եթե մեր ազգերը չսիրեին կյանքը, մենք վաղուց կանհետանայինք»,- հայտարարել է մամլո կոնֆերանսի ժամանակ 89 ամյա Շառլ Ազնավուրը, ում իրավացիորեն համարում են 20-րդ դարի լավագույն երգիչ:
«Ես գիտեմ, որ մենք ծնվում ենք, որպեսզի մահանանք, սակայն մինչ այդ պետք է լիարժեք կյանք ունենալ: Ինձ շարժում է կյանքի ծարավը»,- ավելացրել է լեգենդար երգիչը:

Շառլ Ազնավուրը Իսարեյլում առաջին անգամ է համերգով հանդես եկել և այն հարցին, թե ինչու նա ելույթ չի ունեցել այնտեղ, երգիչը պատասխանել է, որ դժբախտաբար իրեն երկար տարիների ընթացքում առաջին անգամ են հրավիրել:

Ազնավուրը նաև նշել է, որ Իսրայել առաջին անգամ չէ, որ այցելում է և հիացած է այն մեծ ճանապարհով, որ անցել է այս երիտասարդ պետությունը: Նա աշխարհում առաջին երգիչն է եղել, ով այցելել է Իսրայել պետություն նրա հիմնադրումից անմիջապես հետո:

Ազնավուրի համերգը Իսրայելում կրելու է«Համերգ խաղաղության համար» անվանումը և երգչին հարցրել են, թե ինչպես է նա մտադրված արտահայտել Մերձավոր Արևելքում խաղաղություն տեսնելու իր ցանկությունը: Ազնավուրը պատասխանել է, որ Իսրայել այցելելով ցանկացել է միաժամանկ այցելել Պաղեստին, սակայն իրենից անկախ պատճառներով, դա անհնարին է եղել: Երգիչը նաև ընդգծել է, որ Իսրայել է ժամանել երգելու, այլ ոչ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով:
Լրագրողների մեծ մասը փորձել են Ազնավուրից իմանալ, թե նա ինչ է մտածում այն մասին, որ Իսրայելը մինչև այժմ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Երգիչը մեկնաբանել է, որ չնայած, որ այս հարցին ինքը որպես հայ մեծ նշանակություն է տալիս, սակայն միևնույն միևնույն  ժամանակ հասկանում է հրեաների ծանր վերաբերմունքը «ցեղասպանություն» բառի նկատմամբ և հավատում է, որ այս խնդիրը դեռևս կլուծվի:

Ազնավուրը նաև հիշեցրել է հավաքվածներին, որ իր ընտանիքում կա թե կաթոլիկ, թե բողոքական, թե հրեա և թե մահմեդական: Այդ պատճառով նա անկեղծորեն գտնում է, որ մարդիկ կարող են ապրել խաղաղության մեջ՝ անկախ իրենց հավատի և քաղաքական համոզման:
Newsru.co.il-ի թղթակիցը փորձել է շատ աշխարհահռչակ երաժիշտների և երգիչների հետ հանդես եկած շանսոնիեից պարզել, թե ժամանակակից աստղերից ով է հետաքրքրում նրան և արդյոք կան երիտասարդ երգիչներ, ում հետ նա կցանկանար համագործակցել:

«Ես անկեղծ հարգում եմ շատ ժամանակակից երաժիշտների, սակայն ես արդեն այն տարիքին չեմ, որպեսզի համագործակցեմ այլ երաժիշտների հետ: Ես բացառապես զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքով և սոլո ելույթներով»,- պատասխանել է երգիչը:

Ազնավուրը պատմել է, որ աշխարհում ամենից շատ սիրում է աշխարհով մեկ զբոսնել և երգել աշխարհի տարբեր անկյուններում, քանի որ ոչինչ այդպես չի հարստացնում, ինչքան նոր տպավորությունները և այլ մշակույթները:

Երգիչը խոստովանել է, որ իր համար շատ թանկ է համերգային մթնոլորըտը և նա նախընտրում է հանդիսատեսների հետ կիսվել ինչպես ուրախություններով, այնպես էլ խնդիրներով: Իր երկարատև մասնագիտական գործունեության ընթացքում նա հասկացել է, որ կատարյալ անկեղծությունը հանդիսատեսների հետ իրեն ուժ է հաղորդում և ուրախացնում վերջիններիս` օգնելով ավելի լավ ըմբռնել իր երգերը:
Ինչ վերաբերվում է երգացանկին, որով հանդես է գալու Ազնավուրը այսօր Իսրայելում, երգիչը պատասխանել է, որ 1000 երգ է գրել և սովորաբար երգում է այն, ինչ այդ պահին գալիս է մտքին: