Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի 5-րդ հետևակային բրիգադի հրամանատարությանը պատկանող ռազմական գոտու տարածքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս չի ներառվելու նշյալ գոտում, հանձնվելու է նահանգապետարանի ենթակայությանը և վերանորոգվելու է: «Սիվասի հայ բարեկամներ միության» ջանքերով կյանքի կոչված այդ նախաձեռնությունն արդյունք տվեց. Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն արդեն հրահանգավորել է պատկան մարմիններին:

«Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` արդեն ընթացքի է դրվել անհրաժեշտ թղթաբանությունը և ավարտին կհասցվի մինչև տարեվերջ: Իսկ 2014-ի ամռանը կմեկնարկեն եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

Սիվասի փոխնահանգապետ Սալիհ Այհանը նշել է, որ իշխանություններն այդ քայլին գնացել են զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով:

«Վերանորոգումից հետո թե ինչպիսի կարգավիճակ կշնորհվի եկեղեցուն, դա կորոշեն իշխանության բարձրագույն օղակները: Այս պահին մենք ուղղակի կատարում ենք համապատասխան հրահանգը»,- տեղեկացրել է փոխնահանգապետը:

Լրատվամիջոցը նշում է, որ մինչև այժմ նշյալ եկեղեցին օգտագործվել էր որպես զինպահեստ ու ամեն տարի արժանանում էր հայ ուխտավորների այցելությանը: Եկեղեցու հարևանությամբ գտնվում է հայկական գերեզմանատունը:

Ermenihaber.am