ՌԴ-ի Կալուգայի մարզում հայկական կիրակնօրյա դպրոցի լինել-չլինելու հարցում կարծիքներն ու մեկնաբանությունները շատ տարբեր են ու հակասական:

Ըստ տարիներ առաջ գոյություն ունեցած դպրոցի ուսուցչուհիներից մեկի, ում հետ YerevanNews.am-ի թղթակցին հաջողվեց զրուցել, կան մեծ թվով երեխաներ, որոնք զրկված են մայրենի լեզուն սովորելու հնարավորությունից, ոչ թե ցանկություն չունենալու, այլ դպրոց չլինելու պատճառով:

«Գալակտիկա» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ընդամենը 12 երեխա հայերեն է սովորում: Հայկական երիտասարդական խմբակցության ակտիվի նախագահ Էդուարդ Թումանովը մեզ հետ զրույցում ասաց, որ հայկական դպրոց այցելելու ցանկություն երեխաներն իսկապես չունեն, նրանց բավարարում է այն, որ կարողանում են խոսել, իսկ կրթություն ձգտում են ստանալ ռուսական դպրոցում:

«Հենց իրենց կայանալու ու հաստատվելու համար, որպես ՌԴ քաղաքացիներ ու մասնագետներ, դա ռուսական դպրոցն ավելի շահավետ է ու անհրաժեշտ: Սակայն մեր տոնացույցի կարևոր օրերը, ազգային տոներն ու կրոնական ծիսակատարություններ հենց նույն երիտասարդները նշում են մեծ ջերմեռանդությամբ, - ասաց Էդուարդ Թումանովը:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 1941 թվականի դեկտեմբերին Կալուգայի մարզի ու մասնավորապես Ֆերզիկովայի շրջանի առաջին գծում կռվել ու Ֆերզիկովո ավանն ազատագրել է հայազգի գնդապետ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանի հրամանատարության տակ գտնվող 304 դիվիզիան, ով հետագայում, 1945 թվականին նաև Պրահան ազատագրողներից առաջինն է եղել, ինչի համար էլ արդեն գեներալ-լեյտենանտ Մարտիրոսյանը ստացել է Սովետական Միության հերոսի կոչում:

Երկար բանակցությունների արդյունքում, Կալուգայի հայկական համայնքի երիտասարդական խմբակցության ակտիվի նախագահ Էդուարդ Թումանովին, 2013 թվականի մայիսին հաջողվել է մարզի և Ֆերզիկովո ավանի ղեկավարությունից ստանալ թույլտվություն` ավանում տեղադրելու հայազգի հերոսի հուշարձանը: Ցավոք հուշարձանի տեղադրման որոշում մինչ օրս կա միայն թղթում ու գծանկարում:

Շրջանի ղեկավարությունն իր բյուջեից գումար չի հատկացնում: Մնում է, որ հայկական համայնքն այդ հուշարձանը տեղադրի՝ հայ գործարարների ու բարերարների աջակցությամբ: 

Արմինե Ավետիսյան

Կալուգա