Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանի նմանատիպ կեցվածքի դեպքում դժվար է ղարաբաղյան բանակցություններում հասնել առաջընթացի: Այս մասին նա հայտնեց այսօր` կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում:

Ներկայացնում ենք փոխարտգործնախարարի հետ լրագրողներւ հարցազրույցն ամբողջությամբ:

-Ի ՞նչ կարելի է սպասել առաջիկայում ղարաբաղյան բանակցություններից:

-Ադրբեջանի նմանատիպ կեցվածքի դեպքում, երբ պրովոկացիաներ է կազմակերպում, դժվար է առաջընթաց սպասել: Առաջընթացի համար հարկավոր է այլ մթնոլորտ:

-Այդ դեպքում բանակցություններն ինչի ՞ համար են:

-Բանակցություններն ու ընդհանրապես Մինսկի խումբը ունեն երկու առաքելություն: Առաջին առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի նպաստեն, որ կողմերը կարողանան փոխզիջումային տարբերակով գան ընդհանուր համաձայնության: Եթե այստեղ չկա առաջընթաց, ապա մեղքն ամենևին Մինսկի խմբինը չէ, այլ Ադրբեջանինն է, որը գործում է հակառակ բոլոր պայմանավորվածությունների` այդ թվում հրապարակային: Երկրորդ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի համանախագահների անձնական ներկայացուցիչը` Անջեյ Կասպրշիկը, նպաստի, որ զինադադարը նորից չվերածվի ռազմական գործողությունների: Պետք է հաշվի առնել, որ այդ ձևաչափն իր ներդրումն ունի նաև այս` ոչ պատերազմ ոչ խաղաղություն, իրավիճակը պահպանելու հարցում:

-Կարո ՞ղ ենք ասել, որ այս պահին բանակցությունները ոչ թե լուծում գտնելու, այլ իրավիճակն ավելի չբարդացնելու համար են:

-Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է որպես քող բանակցային գործընացում իր քարոզչությունն առաջ տանելու համար: Մյուս կողմից կա նաև այն հանգամանքը, որ միջնորդ երկրները և ընդհանուր առմամբ միջազգային կառույցները չեն ցանկանում, որ ռազմական գործողություններ սկսվեն:

-Կապված վերջին միջադեպերի հետ` համանախագահները հայտարարություն տարածեցին` երկու կողմերին կոչ անելով չխախտել հրադադարի ռեժիմը: Ժամանակը չէ՞, որ մեր արտաքին գերատեսչությունը փոխի դիրքորոշումն ու ստիպի նրանց, որ հասցեական հայտարարություն անեն:

-Բոլորին ակնհայտ է, թե ում մասին է խոսքը: Երբ երեք համանախագահները հայտարարում են, որ ռազմական գործողություններն անընդունելի են, ակնհայտ է, թե ում է դա ուղղված: Սակայն ես համաձայն եմ, որ միջազգային կառույցները դա պարտավոր են անել:

-Ռուսական կողմը Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի արագ քայլերից զարմացած է: Դուք ի ՞նչ կարծիքի եք, արդյո ՞ք դա արագ տեղի չի ունենում:

-Ոչ մի շտապողականություն էլ չկա: Կա հստակ մոտեցում կատարել այն աշխատանքները, որը պահանջում է ճանապարհային քարտեզը: Ռուսական կողմը զամացած չէ, այլ հիացած է:
Ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք դա փորձում ենք դա անել հնարավորինս արագ... Խնդիրն այն է, որ նախատեսվում է ստորագրել նոր համաձայնագիր Եվրասիական միության ձևավորման մասին: Կան ծրագրեր, որ այդ միությունը պետք է սկսի գործել 2015-ի հունվարի 1-ից: Հենց սկսում է գործել Եվրասիական միությունըՄՄ-ն տարալծվում է դրա մեջ: Եթե դու դանդաղում ես, կարող ես դառնալ անդամ մի կազմակերպության, որը ըստ էության արդեն չկա: Մեր նպատակն է, որ մենք դառնանք այդ կազմակերպությունների անդամ և մասնակցենք Եվրասիական միության ձևավորմանը: