Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով» և նախարարության պատվերով հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Մերոնք», «Սփյուռքի ժամ», հեռուստանախագծերի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան շնորհեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հակոբ Մեղապարտ» մեդալը:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը Սփյուռքում առկա հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և նշեց. «Հակոբ Մեղապարտ» մեդալը շնորհվում է գրահրատարակչական և տպագրական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայագիտության բնագավառում Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար: Պարոն Հովհաննիսյան, Ձեր հեռուստահաղորդումները Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար հայրենաճանաչության ու հայապահպանության յուրօրինակ և արդյունավետ խթաններ են: Հատկապես վերջին շրջանում նախարարությունը Սփյուռքից ստանում է գոհունակություն արտահայտող բազմաթիվ գրություններ և նամակներ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեությունը գնահատելու համար՝ Ռաֆայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագծերի գործունեության ընթացքում, ինչպես նաև բազմաթիվ այլ նոր հեռուստանախագծերի ստեղծման և դրանց հեռարձակման գործում ՀՀ սփյուռքի նախարարությունը և Սփյուռքի համայնքային կառույցները մշտական գործուն աջակցություն են ցուցաբերել ստեղծագործական խմբերի աշխատանքներին։

Քննարկվեցին համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր: