Բոլորովին վերջերս ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Կոսմոս» համերգասրահում կայացավ մեծ համերգ՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, որին ներկա էր նաև YerevanNews.am-ի թղթակիցը: Սա Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա՝ Հովիկ Ստուդիո-յի նախաձեռնությունն էր: Այս անգամ նրանք հանդիսատեսին ներկայացան բոլորովին այլ ձևաչափով, որը թատերականացված պարային ներկայացում էր՝ նոն ստոպ ձևաչափով` Իշխան Գասպարյանի «Կորցրած երազանքի հետքերով» նովելի հիման վրա:

Հանդիսատեսի մոտ ներկայացման դրամատիկ ընթացքը բացառիկ տպավորություն թողեց և բոլորի աչքերն ամբողջապես լցրեց արցունքներով ` անմոռանալի հետք թողնելով յուրաքանչյուրի հոգու ամենանուրբ անկյունում: Հանդիսատեսը արտիստների հետ միասին վերապրեց 100 տարվա պատմություն ունեցող այն դառն ու դաժան իրադարձությունները, որոնք երբևիցե չեն կարող ժամանակավրեպ համարվել:

Մեզ հետ զրուցեց ներկայացման հեղինակ և Հովիկ Ստուդիո-յի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը և պատմեց մտահաղացման ծննդի հետ կապված. «Դեռևս անցած տարվանից սկսած՝ շատ էինք խորհում իմ պարուսույց ընկերների հետ միասին այն թեմայով, թե ինչպիսին պետք է լինի 100-ամյակի մեր պարային խոսքը աշխարհին և հանգել էինք հենց նմանատիպ ներկայացման տարբերակին` միաժամանակ գիտակցելով այն մեծ ծանրությունը, որն արդեն բոլորիս ուսերին զգացվում էր...Սկսեցի կրկին ուսումնասիրել հարյուրավոր գրառումներ, նյութեր և հանկարծ դիտեցի մի տեսագրություն, որտեղ 1915 թ. ցեղասպանությունից փրկված մի տարեց կին սիրտ կծկող մանրամասնություններով պատմում էր իր և իր ընտանիքի հետ կատարվածի մասին։Սակայն այն հարցին, թե ինչն էր այսքան տարիների ամենացավոտ փաստը, նա պատասխանեց, որ փախուստից հետո նա ապրել է մի քանի երկրներում, ուր նրան մեծահոգաբար են ընդունել՝ հատկապես կյանքի մայրամուտին Ֆրանսիայում հայտնվելուց հետո, իսկ հետո, փակելով աչքերը, ավելացրեց, որ, սակայն, ոչ մի երկրում նա այդպես էլ չշնչեց իր ծննդավայր` Արտամետ գյուղի խնձորի այգիների բուրմունքը....Այդ պահին խոշոր արցունքներ հոսեցին նրա փոքրիկ դեմքի վրայով,և հավատացեք այդ հուզական բառերից հետո իմ գլխում ծնվեց այն սիրո պատմությունը Արտամետի այգիներում, որը պետք է զարգանար հենց Հայոց ցեղասպանության կիզակետում....Պատմությունս գրչի միջոցով փոխանցեցի թղթին, իսկ պարային լեզվով այն ներկայացվեց մեր հիմնական բեմադրողների ` Գուրգեն Սինանյանի և Գագիկ Հայրապետյանի, ինչպես նաև Ռաֆիկ Հարությունյանի շնորհիվ»։

Ներկայացման մեջ բնութագրվում է Արտամետ գյուղի անմեղ ու գեղեցիկ երանգներով գարունը, երբ բոլորը պատրաստվում էին իրենց սիրելի զույգի հարսանիքին, սակայն ճակատագիրը այլ հարվածներ էր պատրաստել նրանց համար, որ ամպրոպի պես պատռեց երկինքը...:

Հովիկ Ստուդիո-յի հիմնական կազմի արտիստները կարողացան արհեստավարժ կերպով փոխանցել տվյալ ժամանակի այն սարսափելի մթնոլորտը, որն, իհարկե, ցնցեց հանդիսատեսին, բայց ավարտին լույս սփռեց բոլորի գլխավերևում, որով էլ ևս մեկ անգամ շեշտվեց հայ ազգի ընտրված և հարատև լինելու արդարացված իրողությունը...

Հեղինակ Աննա Ալեքսանյան