Երբ քաղաքացին սկսում է ինչ-որ բանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել՝ ակնկալվող արդյունքն իրեն ուշացնել չի տալիս:

Դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ազգային մշակույթի և երաժշտության հանդեպ հետարքրության պակասը կապում է մարդու ցանկության հետ:

«Շատերը կարծում են, որ համակարգիչը կարող է ամեն ինչին փոխարինել, բայց ես համաձայն չեմ այդ մտքի հետ, քանի որ այն ամենը, ինչը ստանում ես դպրոցում, բուհում՝ մեծ հարստություն է: Ներկայիս սերունդը, ցավոք սրտի բավարավում է միայն նրանով, ինչ տալիս է համակարգիչը: Այսօր, բացի սոցիալական ցանցերից, մեր երիտասարդները ուրիշ որևէ բան չեն կարդում»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց է Ռաֆայել Քոթանջյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այսօր կա այլ առաջարկ, որը երիտասարդի մոտ հետաքրքրություն կառաջացնի դեպի ազգային երաժշտություն, դերասանը պատասխանեց. «Ցավոք սրտի, չկա: Բայց այստեղ ես տեսնում եմ նաև մեր երիտասարդների սխալը: Նրանք ինքնակրթվելու, նախաձեռնող լինելու ցանկություն չունեն: Իրենց ինչ առաջարկում են, այն էլ «կուլ» են տալիս»:

Ժողովրդական արտիստի կարծիքով, դեռևս 7-8 տարի առաջ մեր հեռուստաեթերները լցված էին «աղբով», և ըստ նրա՝ այժմ նման խնդիր, կարծես թե, չկա:
«Հիմա մի քիչ մաքրվել է հեռուստաեթերը, բայց պետք է այդ «աղբին» փոխարինող առաջարկենք, որը չենք անում»,-ասաց Քոթանջյանը և հավելեց, որ ունենք շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ, որոնց այսօր հասարակությունը չի ընդունում:

«Ես կրկին ամեն ինչ կապում եմ ուշադրության պակասի հետ և պետք է մի օրինակ նշեմ: Ես կարծում եմ, որ, մեր շախմատի հաղթանակների համար հիմք հանդիսացավ այն, որ հանրապետության նախագահը սկսեց հետաքրքրվել շախմատով և դա տվեց իր արդյունքը: Երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվեց ջազով, մարդիկ սկսեցին ջազ լսել: Հիմա մենք սպասում ենք, որ գա մեկը, ով կսկսի հետարքրվել ազգային երգ ու երաժշտությամբ»,- ասաց դերասանը:

Ռաֆայել Քոթանջյանի խոսքով՝ անհրաժեշտ է «պահը որսալ» և ճիշտ ժամանակին երիտասարդներին ուղղել դեպի ազգային երաժշտություն:

«Պետք է երիտասարդների ականջները «լցնենք» բարձրորակ երաժշտությամբ, հակառակ դեպքում՝ այն «աղբով» այն կլցվի»,-ասաց Քոթանջյանը: