Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Ինտեր ՌԱՕ» Հոլդինգի` ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման հայտը քննարկելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը: Հարցն անսպասելիորեն ներառվել է կառավարության նիստի օրակարգ: «Ինտեր Ռաօ»-ն մտադիր է 100 տոկոս սեփականության իրավունքը փոխանցել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Կառավարության որոշման նախագծում հանձնարարականներ են տրված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները, պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով նշված ընկերությունը ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված ՀԷՑ ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի վաճառքից բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երևանի էլեկտրացանց» «Հյուսիսային էլեկտրացանց» «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար:

Հաջորդ հանձնարակականն է ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող ՀԷՑ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը և տալ եզրակացություն:

Ինչպես նաև` առաջարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մասնակցել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ: