Մաս 2-րդ։  (ՄԱՍ 1-ին այստեղ)

Վահանը զարմացած նայեց կնոջը . նա պատկերացում իսկ չուներ , որ կինը կարող է ճանաչել նրանց : Մինչ ամուսինները հարցական հայացքներ էին փոխանակում , թուրքերը , մահ ու չափ վախեցած , հետ քաշվեցին դեպի մուտքի դուռը ու կպան պատին : Անահիտի սառցե ձայնը նրանց վախ ներշնչեց : (ՄԱՍ 1-ին այստեղ)
-Դուք ... դուք չե՞ք հեռացել Հայաստանից : Այն ամենից հետո ... ինչպե՞ս եք համարձակվել մնալ այստեղ , ինչպե՞ս է ,որ չեք վտանգվել ...

-Մենք վաղուց ենք հեռացել , - ասաց Գյուլնարան ,- բայց ես ... ես ... դուք պիտի իմանաք . իմ մայրը հայուհի էր : Ես ի՞նչ մեղք ունեմ , որ այդպես ստացվեց: Ամուսնուս ծնողներն ինձ ատում էին միայն նրա համար , որ մայրս հայուհի էր ... ես չէի կարող չգալ ... Եկել էի ծնողներիս ու որդուս գերեզմաններին : Ծնողներս մահացել են ավտովթարից : Նրանք Հանքավանի ` մեր գերեզմանոցում են թաղված: Որդիս ...
Բառերը խզվեցին նրա կոկորդում : Անահիտը շվարեց ու շփոթվեց : Ամուսինը լռելյայն հասկացրեց կնոջը , որ քաղաքականության , կռվի , ներման ժամ չէ : Նա կարգադրեց թեյ տաքացնել և թոռանն ու պապին առաջնորդեց հյուրասենյակ : Անահիտն անդրադարձավ , որ ախր նրանք լավ տիրապետում են հայերենին և կարող էին ազատ տեղաշարժվել :
Թուրքերը քիչ հաց կերան , թեյ խմեցին ու տաքացան : Վախն ու անհանգստությունը կարծես հետ նահանջեցին :

Ծերունին զգուշավորությամբ ասաց .
-Ինչ ասեմ : Կար ժամանակ , որ եղբայրներ էինք կամ ասենք ` եղբոր պես :
Կտրած հացը չես կպցնի , վերքն էլ դեռ բաց է : Մենք էլ զոհեր ունենք , դուք էլ : Ո՞ր պատերազմն է ուրախություն բերում : Ոչ ոքի չեմ մեղադրում : Քսանյոթ տարի այստեղ ֆերմայի վարիչ եմ աշխատել , սիրել ու հարգել եմ հայերին : Ես միշտ պապ չեմ եղել : Ես էլ իմ պապն եմ ունեցել, որ պատմում էր , թե ինչպես են մերոնք քսան թվից հետո սայլերով եկել Հայաստան : Շատերը եկել , հիմնավորվել են կարևոր պատճառներով . նախ անասունը թարմ արոտավայրերի կարիք ունի , երկրորդ , որ դպրոցներ չենք ունեցել, ու պապս միշտ հիշեցնում էր ,որ մեզանից շատերը կրթվել են այստեղ ` հայոց դպրոցներում : Նա միշտ հիշեցնում էր , որ երախտագետ լինենք ձեր ժողովրդի հանդեպ : Բացի այս ամենից պապս համարում էր ,որ հայերը աշխարհի ամենաշնորհքով , խաղաղակյաց ժողովուրդներից մեկն են : Այս մասին ես կարդացել եմ նաև մեր կենտկոմի առաջին քարտուղարներից մեկի հուշագրություններում : Հարսս հայուհի էր ... է՜խ ,- հոգոց քաշեց ծեր թուրքն ու շարունակեց , -ապրել եմ այս արևի տակ , խմել այս լեռների ջուրը ... Երախտամոռ մարդ չեմ : Միշտ համարել եմ , որ ոչ ոք ու ոչինչ չի կարող մեզ հակամարտության տանել : Ղարաբաղը ձեր հողն է , ո՞վ չգիտի : Դուք էլ նստած եք ձեր տանը հազար տարի : Ո՞վ իրավունք ունի ասի ` դո՛ւրս եկ քո տնից , գնա ՛ :
Նա լռեց , ապա շարունակեց .

-Թոռնիկս մեն- մենակ էր ուզում գալ: Ես նրան չուզեցի մենակ թողնել : Եթե կուզեք իմանալ ,ես այնտեղ՝ սահմանի այն կողմում ավելի անհանգիստ եմ . չէ՞ որ նրա մայրը հայուհի է ...
Հետո պատմեց , որ եկել , Հանքավանին մտիկ մի լքված տան մեջ օջախ վառել ,պապ ու թոռ լուսացրել են : Թուրքական գերեզմանատանը գտնվելու ժամանակ տեսնողներ են եղել ու անմիջապես գլխի են ընկել ,որ վերադարձած թուրքեր են : Այդպես են բռնվել : Իսկ Հանքավանում Բաքվից փախած հայեր են վերաբնակված : Շուտով մեկ մարդը դարձել է հարյուր , ու ցանկացել են բռնել , հաշվեհարդար տեսնել : Նկատելով հեռվում կուտակվող ամբոխը` պապն ու թոռնուհին զգացել են սպառնացող վտանգը ,թողել են գերեզմանոցը , բլրի հակառակ կողմով վազել դեպի ասֆալտապատ ճանապարհը և սկսել գլխապատառ փախչել , հետապնդողներն էլ ` հետևներից :

Այս ամենը տեսել է աշխատանքից տուն վերադարձող Վահանը : Դա էլ փրկել է անկոչ հյուրերին : Նա նախ կտրել է ամբոխի ճանապարհը ` թույլ չտալով ,որ առաջանան ու բացելով մեքենայի ապակին , ամեն ինչից անտեղյակ` հարցրել է .
-Ի՞նչ է եղել , ա՛յ ժողովուրդ ,ու՞ր եք վազում...
- Դիմացից փախչողները թուրքեր են ...
-Հա՜ , - զարմացել է Վահանը , - ճանաչել ե՞ք ...
-Ոչ , իրենց գերեզմանոցում էին ... բռնելու ենք,սատկացնենք : Նրանք մեզ վառել են : Որ վառենք էլ , սրտներս չի հովանա ...
-Կա՛նգ առեք , -մեքենայից դուրս գալով՝ գոռացել է Վահանը , - մենք մարդասպաններ չենք : Հաշվեհարդարը մեզ սազական չէ ...
-Հեռո՛ւ գնա , - գոչել է մեկը ։

-Մի կո՛ղմ քաշվիր , - սպառնացել է երկրորդը , ու աղաղակները թնդացրել են առավոտվա սառն օդը:
-Դուք հիշեք մեր պատմությունը հիշեք Մուշեղ Մամիկոնյանին , որի հորը Շապուհը մորթազերծ արեց ,այրեց Հայաստանը , կոտորեց , գերեց ,պղծեց ,բայց Մուշեղը մատով անգամ չդիպավ գերի ընկած նրա կանանց :
-Օրինակ ես գտել , այն ժամանակ ուրիշ էր , - գոռացել է մեկը :
-Ուրիշ չէր , նույնն էր, ի՞նչ տարբերություն : Էլի կռիվ էր ու պատերազմ , էլի անօրենը դունչն ու թաթը մեկնել էր մեր հողին : Հե՛տ գնացեք , ու ձեր ձեռքերը մի՛ արյունոտեք անմեղների արյամբ : Հե՛տ գնացեք , լսեք ինձ , ձեր խղճին արյուն մի՛ ծանրացրեք :
Մնացածը պարզ էր Անահիտին :
Այժմ սեղանի շուրջ պապը հատկապես մեղավորի պես գլուխը կախ, տրորում էր ճակատը :
-Դուք հո զոհեր չունե՞ք , - հանկարծ հարցրեց նա :
-Ունենք ,ինչպե՞ս չէ , - ցավով արձագանքեց Վահանը ու իրեն զգաց ոչ թե մի գերդաստանի տղամարդ , այլ մի երկրի պատասխանատու դեսպան , պատրիոտ , որ հակառակորդին ներկայացնում է իր կորուստների հանրագումարը : -Հորեղբայրս ... ականի վրա , մորաքրոջս բժիշկ որդին ` անհայտ կորածների մեջ , քեռուս միակ որդին ` ճակատում զոհված ...
Ծերունին կամացուկ ետ հրեց թեյի բաժակն ու ափսեի եզրի վերջին պատառ հացը :
Ծանր լռություն տիրեց :
Հետո Վահանը հանկարծ ասաց` գնացինք : Ես ձեզ կօգնեմ ` հատելու սահմանը : Փաստաթղթեր ունե՞ք :
Գյուլնարան վստահ ու հավատավոր աչքերով նայեց նրան և ետ տանելով շորը ` ցույց տվեց ուսի վրա ` զգեստի տակ կարված փաստաթղթերը : <<Այնքան էլ միամիտներից չեն >> , - մտածեց Վահանը :
-Գնացինք, կրկին ասեց տանտերը , և երեքով հագնվելով ` դուրս եկան :
Միայն հաջորդ օրը` գիշերը Վահանը վերադարձավ: Այդ ամբողջ ժամանակ Անահիտն անհամբեր սպասում էր : Վահանը պատմեց ,որ դժվարություններ այնուամենայնիվ եղել են: Ամենադժվարը նրանց սահմանից այն կողմ թողնելն էր : Երկար բանակցել էին , հայտնել Երևան ,հարցաքննություն տարել ,ապա մերոնք վերջապես տվել էին նրանց հակառակորդ կողմին ` առանց ավելորդ վարմունքի ,մարդասիրաբար :
Անահիտը գոհ էր : Սիրտն ասում էր ,որ ճիշտը դա էր , և ինքն անկարող էր ականատեսը կամ մասնակիցը դառնալու մարդու կորստյան մի նոր ողբերգության :
Իսկ Ղարաբաղյան կռիվը շարունակվում էր :Շուշին ` հնամյա բնօրրանը հայոց , դարձել էր թշնամու հենակետը , որտեղից գնդակոծվում էր Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակեր-տը : Քաղաքի վրա կրակ էր մաղվում : Մինչև մայիսի 9- ը և Շուշիի երանելի ազատագրումը դեռ երեք ամիս կար : Դա հետո պիտի արձանագրեին` ապագան և հայոց նորօրյա պատմությունը :
Անահիտը հիշեց ,որ երբ Գյուլնարան ու նրա Վագիֆ պապը դուրս էին գալիս իրենց տնից , ջահել կինը ճիշտ այն օրվա նման , երբ մահացավ նրա զավակը ` Գուրգենը , երկար ու խոր նայեց տանտիրուհու աչքերի մեջ ու ցավագին շշնջաց .
-Իմ որդու գերեզմանաքարին մի ուրիշ քար է հենված : Հենված քարի տակ թաքցրել եմ նրա անվան հայերեն գրությունը : Բոլոր գերեզմաններից մի քիչ վեր է ` առանձին ու մեկու-սի : Գուրգեն ` նշանակում է գայլի ձագ : Ձագուկիս պատկերն այստեղ է , - նա ցույց տվեց ` մի ձեռքով գլուխը , մյուսով ` սիրտը , բայց նրա մարմինը ... , -հետո կամացուկ ուղղեց ինքն իրեն , - նրա ոսկորները մնացին մենակ ... Անահի՛տ , վերջը ի՞նչ է լինելու ...
Թրքուհին նայում էր անսահման տխուր , թախծոտ աչքերով :
Անահիտը մտածեց ու ասաց .
-Գնա՛ Գյուլնարա , խաղաղ գնա : Մի նոր էջ , մի նոր մաքուր էջ է լինելու : Հեռավոր մի էջ ` շատ նման դրսի մաքուր ձյանը : Չգիտեմ ` մենք այդ էջը կտեսնե՞նք , թե ոչ , բայց այն պիտի լինի , չի կարող չլինել : Լինելու է , հավատա՛ : Ոչ մեղադրանքի խոսքեր ասենք , ոչ շնորհակալության : Ժամանակ է պետք : Մի օր մեր ժողովուրդները կրկին կանգնելու են կողք կողքի , երբ ավելի մեծ վտանգ կգա ու կսպառնա մեր երկուսին էլ ` որ կողմից , չգիտեմ , այդպես եմ կանխազգում : Մարդու իսկական բնույթը բարությունն է , չարությունը չէ : Թշնամությունը անցողիկ է , բարությունը ` հավերժական : Այս պահիս մեր և ձեր մեջ ցավի նստվածք կա : Ժամանակ է պետք ,որ այն ամոքվի : Գնա Գյուլնարա , իմ հողը համբերատար է , նա անբասիր կպահի որդուդ գերեզմանը :

Ձմեռն անցավ, եկավ գարունը :Մայիսին ազատագրվեց Շուշին : Հաղթանակը շտկեց հայի մեջքն ու իմաստուն ճակատը : Հայ քաջազուն շատ մարտիկներ հավերժական փառքով պսակեցին իրենց անունը : Անահիտը նրանց պատվին ծաղիկներ դրեց անհայտ զինվորի հուշարձանին :
Մի օր ամուսնու հետ առողջարան գնաց : Լեռների գրկում փռված Հանքավանի անտառներում նոր – նոր բողբոջել ,տեղ-տեղ ծաղկել էին ծառերը : Փափուկ խոտերի մեջ գնարբուկների մանրիկ դեղին ծիծաղն էր վետվետում : Մուգ կապույտով ծաղկել էին նովրուզները : Խաղում էր հովը , որ դեռ սառն էր , ու Մարալիկ գետի քչքչոցն էլ սառն էր օրվա պես : Փարթամ աճել էր սիբեխը, հողը շնչում էր : Անահիտին ճանանչում էին իբրև առողջարանի փոխտնօրենի կին և անշուշտ թրքուհու տեղ չէին դնի :
Բլուրը հեռու չէր : Քայլեց ու այս ու այն կողմից ծաղիկների մի փոքրիկ փունջ քաղեց : Գնաց , ելավ բլուրն ի վեր : Թուրքական գերեզմանոցը կար այնպես , ինչպես կար : Փոքրիկ որձաքարերի վրա ձմռան ցրտից պատռտված քարաքոսն էր նորոգվում : Գերեզմանա-քարերը ` կլոր ու սրագագաթ , հենված էին հողին առանց հենքի , ասես մեկը պարսատիկով դրանք անփույթ նետել էր այս ու այն կողմ : <<Որդուս գերեզմանը բոլորից մի քիչ վեր է ` առանձին >> , - հիշեց թրքուհու բառերը : Աչքերով զննեց տեղանքը : Բլրից քիչ վերև առջևը եկավ բոլոր քարերից չտարբերվող մի փոքրիկ տապանաքար : Տակից ,ահա հենված քարը:Կռացավ , աջ ձեռքով հետ հրեց քարն ու պարզորոշ կարդաց հայերեն բառը` Գուրգեն :
Կանգնեց մեկուսի այդ քարի մոտ , ու ամայությունն ասես անէացավ : Քարի կողքից դուրս էին հորդել վայրի մանրիկ տերևներով կապույտ ծաղիկներ ու փափուկ սմբուլի նախաշիվեր :
Լռության մեջ հովն օրորում , օդի զով հոսանքները փայփայում էին քար ու թուփ : Անահիտը մտածեց ,որ մտքի ճամփաները կտրելով մայրերն այցելում են որդիների շիրիմներին :
Մի՞թե սա չէ այն մաքուր էջը , այն մաքուր էջի աշխարհամասը , ուր գոյանալու է նախ մարդկային սրտերի հաշտությունն ու ներումը : Այս փոքրիկ աշխարհամասը գործ չի կարող ունենալ ատելության հետ : Անահիտին թվաց , որ չար վհուկի կախարդանքն է քարի վերածել դիմացի հողաբեկորը , ու եթե չքվի չար հմայությունը , որձաքարը շունչ կառնի ու կտրոփի սրտի պես :Նրա բացված ափից ցած թափվեցին վայրի ծաղիկները , անմեղորեն իջան մաքուր էջի այդ փոքրիկ – փոքրիկ աշխարհամասին :
Քիչ անց իջնում էր բլրից :Կնոջ մտապատկերում մի որձաքար էր տրոփում սրտի պես:

 Բանաստեղծուհի, գրող Վիկտորյա Բարաքաթյան (մաս2)