Մեկ տարի առաջ դիմել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ, որպես նվեր, ծախսերի մի մասն ամեն տարի ուղղել սահմանամերձ մի գյուղի որևէ խնդիր լուծելու նպատակով: Անցյալ տարի առաջարկս չի ընդունվել, համարձակվում եմ այս տարի կրկնել այն ու ասել, որ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը պարզապես նախանձով է նայում, թե ինչպես Երևանում մեզ թույլ ենք տալիս նման ահռելի ծախսեր, երբ կան գյուղեր, որոնք ունեն, օրինակ ջրի, դպրոցի կամ մանկապարտեզի խնդիր: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Որքան լավ կլիներ, եթե Երևանի այս տարվա հերթական տարեդարձի առթիվ որևէ գյուղի մի խնդիր լուծեինք,այդ գյուղի ժողովուդը որքան ուրախ կլիներ ու կզգար, որ ինքը գտնվում է նաև Երևանի իշխանության ուշադրության կենտրոնում: Կան երիտասարդներ, ովքեր սահմանամերձ գյուղերի հոգսերով մտահոգված, իրենց պարտքն են համարում սատարել նրանց, բայց նրանց ուժերն անհամատեղելի են մայրաքաղաքի հնարավորությունների հետ: Կարծում եմ երևանցիներս նույնպես մեզ լավ կզգայինք: Այն շռայլությունը, որը թույլ ենք տալիս Երևանում, չափազանց խտրական մոտեցում է, կարծում եմ անհամատեղելի մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների աղքատ իրականության հետ, անարդար է ու անհասկանալի նաև երևանցիներիս համար: Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ քննարկել երևանցիներիս առաջարկն ու այս տարի էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված ծախսերի մի մասի հաշվին իրականացնել որևէ ծրագիր սահմանամերձ գյուղերից մեկում: