Տիկին Նանուլին Հայաստանի մի քանի հարյուր բնակիչերից է, ովքեր ապրում են տուն-ինտերնատներում: Կինն հաստատությունում է հայտնվել տունը կորցնելու հետևանքով:

«Ելակետ լրատվական» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ տարեցների կացարանում իրեն շատ լավ են վերաբերվում, ժամանակը հասակակիցների շրջապատում հետաքրքիր է անցնում և գլխին էլ տանիք ունի. «Իմ ցանկությունն է, որ ոչ մեկ անտեր չմնա: Միայնակ մնալ շատ վատ բան է»:

Տիկին Նանուլին Նորքի տուն ինտերնատի ամենաերիտասարդ բնակիչն է, իսկ ամենամեծահասակը Անուշավան Եղիազարյանն է, ով 101 տարեկան է: Նա արդեն 4 տարի է ինչ ապրում է տուն: Պարոն Անուշավանը ունի 2 երեխա, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս: Իր երկարակեցության գացտնիքը նա համարում է չծխելը և սպորտով զբաղվելը: 

Ասուլիսի մեկ այլ մասնակից` հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը կոչ արեց չծայրահեղացնել ծերանոցներում ապրելու փաստը եւ ասաց, որ ինքը ծերանալուն պես իր ոտքով տուն-ինտերնատ է գնալու, քանի որ իր կարծիքով՝ այնտեղ ավելի հետաքրքիր ժամանակ կանցկացնի իր հասակակիցների հետ:

Հարցին, թե ի՞նչ է փոխվել հայերի մեջ, որ ավելի շատ ծերեր են խնամվում տուն-ինտերնատներում, ասուլիսի մասնակից հոգեբան Իրինա Ծատուրյանը պատասխանեց, որ այժմ մեր մեծահասակները, մի տեսակ «դժբախտաբար դարձել են ավելորդ մարդիկ» եւ սոցիալական խնդիրներն են հիմնականում պատճառը. «Սոցիալական վիճակները նպաստում են բարոյազրկմանը եւ ոչ բոլոր մարդիկ են, որ ոգեղեն են: Ամեն մեկը չէ, որ 70 հազար դրամը կկիսի իր մերձավորների հետ, բոլոր մարդիկ չէ, որ բարոյական են: Բայց նրանց էլ մեղադրելու չէ»: