ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին, որի շրջանակում հաստատվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 և 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 և 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիևայի, Ե. Տանչևի և Կ. Տուորիի նկատառումների հիման վրա:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամներ Տ. Խաբրիևան, Ե. Տանչևը, Ս. Բարտոլեն և Ա. Էնդինչը բարձր են գնահատել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ բնութագրելով այն ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ:

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որին մասնակցել են վաթսուն երկրների ներկայացուցիչներ, միաձայն հաստատվել են փորձագետների խմբի կողմից ներկայացրած եզրակացությունները: