Բազմաթիվ թեկնածուներ կան: Ես տեսնում եմ և՛ ՀՀ-ում բնակվող անձանցից, և՛ արտերկրում բնակվող անձանցից: Ինչո՞ւ ոչ... Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության անցնելու դեպքում երկրի հնարավոր ղեկավարին:

Լրագորղները խնդրեցին անուններ նշել.

- Տարբեր են: Նույն հանրապետական կուսակցությունը բազմաբևեռ է. այնտեղ տարբեր խոշոր բևեռներ կան, որոնք ունեն իրենց սեփական լիդերները, որոնք միավորվում են ընդհանուր մեկ բուրգի մեջ՝ ի շնորհիվ Սերժ Սարգսյանի:

Հովիկ Աբրահամյանը իր թիմն ունի, հին հանրապետականները՝ ի դեմս Անդրանիկ Մարգարյանի կողմնակիցների, իրենց թեկնածուն ունեն՝ Տարոն Մարգարյանը: Երիտհանրապետականներն իրենց թեկնածուն ունեն: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ տաղանդավոր և բանիմաց անձ, որը կարող է շատ արագ մտնել քաղաքականություն և չունի ոչ մի բիծ իր անցյալի վրա: Նույն Արա Աբրահամյանը... ինչո՞ւ ոչ, եթե ինքը մասնակցում է ընտրություններին և հայտ է ներկայացնում... ունի այդ ֆինանսական հնարավորությունները:

Նախագահի պաշտոնը արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ: Նախագահն ընդհամենը ինչ-որ «ցերեմոնյալ» կարգավիճակ ունեցող մարդ է: Ինչպես ասում են՝ անգլիական թագուհու կարգավիճակ: