Երևանի մարզերից Երևան հասնելը այսօր՝ դեկտեմբերի 1-ին դարձել է մեծ խնդիր, քանի որ մարդկանց տեղափոխող ավտոբուսները չեն աշխատում: Այս մասին YN.am-ի (YerevanNews.am-Երևան Նյուզ) խմբագրական են ստացվել բազմաթիվ ահազանգեր: 

Մասնավորապես ահազանգում են Չարենցավանում և Աբովյանում բնակվող քաղաքացիները: Այս երկու քաղաքների երթուղիները սպասարկում են «Քինգ Դելյուքս» ընկերության ավտոբուսները, որի սեփականատերն է Արթուր Հարությունյանը՝ նույն ինքը Պալաչը:

Ահազանգողներից մեկն ասում է. «Դեռ երեկ վարորդները և որոշ ուղևորներ խոսում էին, որ այսօր դժվար կլինի քաղաք հասնելը, սակայն որ դեռ ժամը 7:00-ից ավտոբուսներն ընդհանրապես չեն աշխատի, ոչ ոք չէր պատկերացնի»: 

Քաղաքացիները վրդովված են, քանի որ նրանցից շատերը այսօր չեն կարողացել գնալ աշխատանքի, ուսանողները չեն մասնակցել դասերին: 

Եվ այս ամենն այն պատճառով, որ այսօր՝ դեկտեմբերի1-ին Հայաստանի ընդդիմադիր ուժերը նախատեսում են անցկացնել բողոքի խոշոր հավաք, որին մասնակցելու ցանկություն հաստատ կունենան նաև մարզերում բնակվող քաղաքացիները: Այսպիսով պատկան մարմինները փորձում են կանխել քաղաքացիների մուտքը մայրաքաղաք Երևան: Ինչը մեզ քաջածանոթ պրակտիկա է, կիրառվել է բազմիցս և վկայում է շատ բանի մասին...

Խոսակցություններ կան նաև, որ կդժվարանա անգամ տաքսիների և մասնավոր մեքենաների մուտքը քաղաք: