«..Հարց ցհարսն քո եւ պատմեսցեն քեզ.եւ ցծերս քո,
եւ ասասցեն քեզ..» :
( Բ Օրինաց,ԼԲ:Է ) .

«..Հիշի՛ր անցած օրերը,
մտաբերիր՛ անցած սերունդների
տարիները,
հարցրու՛ քո հայրերին, եւ նրանք
քեզ կը պատմեն,
քո ծերերին, եւ նրանք քեզ կա՛սեն.» :
( Երկրորդ Օրենք 32:7) :

ԱԶԳԱՆՎԵՐ ԳՈՐԾԻՉԸ

Եղիշե Անտոնի Շահումյան

ՀՀ ԱԱԱ արխիվ ԿԳՖ գործ 9154 «- Եղիշե Անտոնի Շահումյանը ծնվել է 1880թ. Երեւանի նահանգի Նոր Բայազետի գավառի Ցամաքաբերդ գյուղում, ավարտել է հոգևոր դպրոց, ծառայում է որպես վարդապետ էջմիածնում, որտեղ և բնակվում է: Ձերբակալվել է 1931թ. հունիսի 8-ին-...» :

Այսպիսի սեղմ ,հակիրճ կենսագրականով են փորձել նկարագրել եւ բնորոշել Խորհրդային Հայաստանի աստվածամերժ բոլշեւիկյան ազգային անվտանգության մարմիները ստալինյան բռնապետության տարիներին Ցամաքաբերդի մեծանուն զավակ Եղիշե վարդապետի կյանքի եւ գործունեության վերաբերյալ:

Տեր Եղիշե վարդապետ Շահումյանը 1893-ից ծառայության է մտել Սևանա վանք: 1902-ին՝ ձեռնադրվել է սարկավագ, 1903-ին ձեռնադրվել եւ օծվել է կուսակրոն քահանա եւ կոչվել Տեր Եղիշե աբեղա: 1905-1909 թթ. ծննդավայր Ցամաքաբերդ գյուղում նրա ջանքերով կառուցվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին և Ցամաքաբերդի ծխական-տարրական դպրոցը: Նույն թվականին Մաթևոս Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ( 1908- 1910 թթ.) հրամանով Հայր Եղիշեն ստացել է մասնավոր վարդապետական աստիճան: Վարել է Շարուր-Դարալագյազի ( հիմնականում ներկայիս Վայոց Ձոր ) գործակալի պաշտոնը և Դարաչիչակի վանքի (Ծաղկաձոր-Կեչառիսի վանք) վանահայրությունը: 1908-ի մայիսի 18-ից եղել է Հառիճի վանքի վանահայր:

1909-ից մինչև 1911թ. մարտի 31-ը՝ Մայր Աթոռի հյուրընկալ:

1917-ից միաբան Սևանա վանքի և վանահոր պաշտոնակատար:

«Հակահեղափոխական քարոզչության համար» 1930 թվից ազատազրկվել է չորս ամիս ժամանակով: Ազատվելուց հետո 1931թ. նոյեմբերի 30-ին դարձել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սեղանատան վարիչ /ՀՀՊՊԿԱ, ֆ. 409, ց.1, գործ՝ 674, թ.՝ 3/¦:
Հատված մեղադրական եզրակացությունից.

Պարսկաստանի հետ արքեպիսկոպոս Խորեն Մուրադբեկյանի միջոցով ( ապագա կաթողիկոս Ամենայն հայոց-1932-1938 թթ.) կապ հաստատելու անհաջող փորձից հետո նշված խումբը /դաշնակցամետ.-խմբ/ դիմում է վարդապետ Եղիշե Շահումյանին՝ Սևանի վանքի նախկին վանահորը և կուլակաթափված՝ Ցամաքաբերդում ապրող, թուրքահայ Ախտայի շրջանի ( ներկայիս Կոտայքի մարզի Հրազդանի ենթաշրջան եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջան ) Դաշնակցություն» կազմակերպության լիազոր Սաֆարի միջոցով /ներկայումս փախուստի մեջ է/ Էրիվանում ( Երեւան ) և Հայաստանի շրջաններում գոյություն ունեցող կազմակերպության մասին, խնդրելով իրենց օժանդակել, որպեսզի կապվեն արքեպիսկոպոս Խորենի հետ և նրա միջոցով կապ հաստատեն Պարսկաստանի դաշնակցական կազմակերպության հետ: Այնուհետև քննարկում են կազմակերպությունը զինելու, գրականություն բերելու և այլ հարցեր ...

... Վերոհիշյալի հիման վրա Տեր Եղիշե վարդապետ Շահումյանը մեղադրվում է այն բանում, որ կապ հաստատելով Էրիվանի ընդհատակյա Դաշնակցություն» կազմակերպության ԿԿ անդամների հետ, փորձել է մտերմիկ հարաբերությունների մեջ մտնել դաշնակցության արտասահմանյան բյուրոյի հետ Էջմիածնի կաթողիկոսարանի միջոցով, ընդ որում, տվել է կազմակերպությանն օգնելու իր համաձայնությունը...

1931թ. հոկտեմբերի 7-ին, Հայկ. ՊՔՎ կոլեգիայի դատական նիստում Եղիշե վարդապետն ազատազրկվեց 3 տարի պայմանական ժամկետով և փորձնական ժամկետով 2 տարի:
1989թ. հունիսի 30-ին արդարացվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով»:
Հարգարժան ցամաքաբերցի Սաշիկ Հակոբյանի « Ցամաքաբերդ »- Երեւան-2002 թ. հայրենագիտարանում եւ Ֆահրադ Սողոմոնյանի « Ո՞ր մեղքի համար » գրքերում այս պայծառ ու ազնվագույն ցամաքաբերդցու մասին այսքան են գրառումները:
Իսկ հետո...

1930-ական թվականներին հալածանքների ենթարկվելով, հարկադրանքի տակ նա հրաժեշտ է տալիս հոգևոր աշխարհին, վերադառնում հայրենի գյուղ, դառնում կոլտնտեսության անդամ: Նրան վստահվում է կոլտնտեսության այգին, և նա ամենայն ջանասիրությամբ աճեցնում, մշակում է այն, ինչը պատերազմի և անփույթ մարդկանց պատճառով ավերվեց: Այդ այգուց որպես հուշ մնացել է միայն տեղը, որին ցամաքաբերցի գյուղացիները «Պապեի ճըմ» են անվանում: 1939թ. նրա տան՝ « դրսի տան » բակում է նկարահանվել « Սևանի ձկնորսները» կինոնկարը, և հոգեշնորհ վարդապետը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել հայ անվանի դերասաններ Հրաչյա Ներսիսյանի, Դավիթ Մալյանի, Հասմիկի և այլոց հետ: Նրանցից ոմանք ապրել ու ստեղծագործել են վարդապետի տանը, որն այդ տարիներին ամենաաչքի ընկնողն էր գյուղում ( Հայր Եղիշեի առաձնատունը՝ Դրսի տունը գտնվել է է ներկայիս « Հարսնաքար » բլրի վրա գտնվող՝համանուն ռեստորոնահյուրանոցային համալիրի տեղում ):

Նա պատերազմի դաժան տարիներին, չկարողանալով միայնակ գոյատևել, տեղափոխվեց Կոտայքի Հատիս (Քյանքյան ) գյուղը (Աբովյանի ենթաշրջան ), որտեղ ապրում էր կրտսեր եղբայր Մուշեղն իր ընտանիքով:

Սևանից ճանապարհվելիս Ֆանտան գյուղի մոտ, մեքենայից իջնելու պահին, նրան ուղեկցող եղբոր որդին՝ Վաղարշակ Անտոնյանը պատահաբար մեքենայի մեջ է թողնում վարդապետի ճամպրուկը, որտեղ խնամքով պահվում էին նրա պատարագչի ու մյուս ծիսական հանդերձներն և նյութական արժեքները: Հատիսում էլ 1943թ., 63 տարեկան հասակում, Եղիշե վրդ. Շահումյանը կնքել է իր մահկանացուն: Նա թաղված է գյուղի գերեզմանատանը: Նրա շիրիմին դրված է հոգևոր աշխարհին, իր գյուղին մատուցած հսկայական ծառայություններին ոչ արժանի շիրմաքար, որը պետք է մտահոգի ամենքիս::
Անցած հարյուրամյակում, լինելով Սևանի եւ տարածաշրջանի թերեւս միակ վարդապետը, նա մեծ հեղինակություն է ունեցել շրջապատում, սիրվել ու մեծարվել համագյուղացիների կողմից:

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան