Հայ կատարողներից առաջին ձայնագրություններն արվել են Կոմիտասի և Արմենակ Շահմուրադյանի մասնակցությամբ դեռևս 1912 թվականին Փարիզում, իսկ ահա առաջին ձայնագրված հայ երգչուհին է հանդիսանում Նվարդ Ձերոն-Կոշկարյանը (Կոշկակարյան):
1912 թվականին ամերիկացի նկարիչ Ռալֆ Էլմեր Կլարկսոնն արտահայտիչ կերպով պատկերել է երգչուհուն այս գեղեցիկ դիմանկարում:

Նկարը կոչվում է «Նվարդ Ձերոն` Հայաստանի դուստրը» և այժմ գտնվում է Չիկագոյի պատկերասրահում: Հայտնի է, որ ամերիկահայ երգչուհի (սոպրանո) Նվարդ Ձերոնը ձայնագրություններ է կատարել ԱՄՆ-ում 1919-1920 թթ. ընթացքում: Կոնգրեսի գրադարանում նրա կատարմամբ պահպանվում են հետևյալ վեց երգերի ձայնագրությունները` «Ալեճարճար», «Մանիր, մանիր, իմ ճախարակ», «Կռունկ», «Հայկական օրորոցային», «Գնաց աշուն, եկավ գարուն», «Ջան գյուլում»: Նվարդը ծնվել է Մանուկ և Հեղինե Կոշկարյանների ընտանիքում, որը սերում էր Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Փարաչանջ գյուղից:

Սովորել է Չիկագոյի Արվեստների ինստիտուտում, այնուհետև շարունակել ուսումը Ֆրանսիայում և Իտալիայում: Հայտնի է, որ երգչուհին Ամերիկայի տարբեր քաղաքներում կազմակերպում էր համերգներ` ներկայացնելով հայկական ազգային երաժշտությունը, տարազներն ու մշակույթը: Նրա նախաձեռնությամբ է ստեղծվել ԱՄՆ-ի առաջին հայկական երգախումբը: Նվարդ Ձերոնը մասնակցել է նաև տարբեր երաժշտական ներկայացումներում, մասնավորապես՝ «Մոնթեսումայի դիմակը» մյուզիքլում` Մարինայի դերում:

Ռուբեն Շուխյան