Երբ նոր էի ամուսնացել, ամուսնուս ասացի, որ ուզում եմ աշխատել: Կտրականապես բացասական պատասխան ստացա: Ասաց, որ ինքը կհոգա ընտանիքի բոլոր կարիքները և իմ աշխատելու հարցը համարեց վերջնականապես փակված:
Այդպես էլ եղավ: Ես այլևս չշոշափեցի այդ թեման, իսկ նա կատարեց իր խոստումը և մենք ոչնչի կարիք չունեինք:
Հետո երեխա ունեցանք ( աղջիկ՝ այժմ 5 տարեկան ), և ես ինքս էլ ակամայից հանեցի գլխիցս աշխատելու միտքը:
Սակայն մոտ 2 ամիս առաջ կատարվեց շատ ասպասելի բան: Ամուսինս եկավ տուն և հայտարարեց, որ երեխան արդեն մեծ է և ես նույնպես պետք է աշխատեմ: Ես, իհարկե, ապշած էի: Իսկ նա պատճառաբանեց, որ գործերը վատացել են և չի կարողանում բավարարել մեր ընտանիքի կարիքները: Դա այն դեպքում, երբ 3 շաբաթ առաջ էին պաշտոնը բարձրացրել:

Օրեր շարունակ իմ հարցերից նա փորձում էր խուսափել, զայրանում էր պատասխաններ տալու փոխարեն: Կարճ ասած՝ բանը հասավ նրան, որ ես գրասենյակային աշխատանք գտա և սկսեցի աշխատել: Զարմանալի էր նաև այն, որ ամուսինս վատ չարձագանքեց աշխատանքային ժամերին ( ամեն օր 9.00-20.00, բացի կիրակի):
Մեր կյանքը նոր ուղի մտավ: Երեխային տանում էի մանկապարտեզ, գնում աշխատանքի, վերադառնում երեկոյան, տնային գործեր համարյա չէի հասցնում անել, ճաշ պատրաստում էի հազվադեպ, հոգնածության պատճառով շուտ էի քնում: Ամենավատն այն է, որ ամուսինս ոչ մի անգամ չբողոքեց: Այդ փաստն ինձ համար ավելի քան զարմանալի էր և, անշուշտ, կասկածելի:

Դժվար չէր կռահել, որ նրա կյանքում մեկ այլ կին է հայտնվել:
Որոշեցի հիմար չձևանալ և առերես ասել նրան այն, ինչ մտածում եմ նրա մասին: Նա, իհարկե, ժխտեց և սկսեց վիրավորանքներ հնչեցնել իմ հասցեին: Ես պատասխանեցի, սկսվեց վեճ… ի վերջո ապտակեցի նրան, բարձրաձայն անպատվեցի, շրջվեցի, որ դուրս գամ ննջարանից և ապուշ կտրեցի՝ տեսնելով, որ աղջիկս գիշերանոցով քնաթաթախ սարսափած-կանգնած է դռան շեմին:
5-ամյա աղջիկ երեխան լսել և տեսել էր, թե ինչպես է հարազատ մայրը անպատվում հորն ամենավերջին բառերով և ապտակում նրան:
Այո, իմ աղջիկը ներկա էր եղել վիճաբանության միայն վերջին հատվածին: Իսկ դա նշանակում էր, որ նրա համար կար ընդամենը մեկ մեղավոր. և դա ես էի:
Օրեր շարունակ ամեն կերպ փորձում էի քավել մեղքս աղջկաս հանդեպ, բայց ապարդյուն: Ամեն առավոտ լացակումած ստիպում էր, որ հայրն իրեն պարտեզ տանի, իսկ երեկոյան բերի տուն: Ոչ մի բառ չէր փոխանակում հետս: Իր ննջարանից դուրս չէր գալիս մինչ հոր տուն գալը, իսկ դրանից հետո փաթաթվում էր նրան ու հեռու չէր գնում այնքան ժամանակ մինչ քունը տանի: Քնում էր հոր գրկում:

Մի խոսքով՝ աղջիկս ատում էր ինձ: Դա անտանելի էր ինձ համար: Ոչ մի բացատրություն, ոչ մի նվեր, ոչ մի քնքշանք չէր օգնում:
Ամուսնուցս հեռանալու գաղափարը հանել էի գլխիցս, քանի որ պատկերացնում էի, թե ինչպիսին կլինի աղջկաս արձագանքը: Նա հաստատ կընտրեր հորը և կմնար նրա հետ: Իսկ ես նրան չէի կարող ասել, որ ամեն ինչի մեղավորը հայրն էր…. չէի կարող:
Բայց ապրել դավաճան ստախոսի հետ նույնպես չէի կարող:
Տանջվեցի ավելի քան 2 ամիս: Համբերատար, մանր քայլերով վերջապես հասա դստերս ներմանը, վերցրեցի նրան և հեռացա:

Հիմա էլ հեշտ չի, բայց կարևորն այն է, որ ես աշխատանք ունեմ: Իսկ աջիկս շատ խելացի է և մի օր անպայման կհասկանա, թե ինչ է իրականում կատարվել:
Երեխաները, հատկապես աղջիկները, շատ դյուրազգաց են: Այդ պատճառով միշտ պետք է ուշադիր լինել, որպեսզի չհայտնվեք նմանատիպ տանջալի իրավիճակում, որում հայտնվել էի ես: