«Տաղարանում»՞ որքան ներդնում, այնքան էլ «սնուցվում եմ»: Հետագա գործունեությունս միայն իմ հողի վրա եմ պատկերացնում և հատկապես՝ «Տաղարանի» հետ: Նրա հետ անցնելիք ճանապարհ ունեմ...»: Մարիաննա Գևորգյան

Բարակ շյուղ քանոնահարուհու բեմելույթը հիշվել էր դեռ «Տաղարանի» նախորդ համերգաշրջանից՝ քնարական մեղեդու զուլալ կատարում, բեմական գեղեցիկ, անթերի պահվածք, հանդիսականի անթաքույց համակրանք... Եվ ահա համույթի հերթական համերգն էր, և նրանում բացառապես հնչելու էր հայկական գործիքային երաժշտություն, դա լավագույն առիթն է ներկայացնելու Մարիաննա Գևորգյանին:

Մարիաննան հանրապետական (2009) և միջազգային (2010, 2011 թվականներ) մրցույթների առաջին մրցանակակիր է , արժանացել է ոսկե մեդալի և «Բեմական հմայք» կոչմանը, մինչ այս նվագել է մի շարք համույթների (Ռուբեն Նիկողոսյանի «Փարվանա» ժողգործիքների, «Սարգա» պարի խմբեր և այլն) կազմում, ունեցել մենահամերգներ, դասվում է մեզանում ամենաբարդ կատարողական տեխնիկային տիրապետող լավագույն քանոնահարների շարքում: Ավետ Գաբրիելյանի անվան, ապա՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիայում, գերազանցության դիպլոմներով ավարտել նաև հայրենի երաժշտանոցի մագիստրատուրան և ասպիրանտուրան: Իր ավարտական քննության ժամանակ ներկայացրած համերգային ծրագիրը հագեցած էր կատարման տեխնիկայով ամենաբարդ ստեղծագործություններով: Պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյանը հենց այդտեղ էր երիտասարդ երաժիշտին ներկայացրել՝ որպես լավագույն տեխնիկա ունեցող քանոնահարի: Այնինչ, տարիներ առաջ Մարիաննան պետք է դառնար ջութակահար. նկատի առնելով յոթնամյա աղջնակի տվյալները՝ իրեն ջութակի դասարան էին ընդունել: Բայց տանը մանկուց տեսել էր քրոջ քանոնը, սիրել գործիքը, ու ահա դարձավ Հասմիկ Լեյլոյանի, իսկ հետագայում՝ Ալվարդ Միրզոյանի սանը: Երաժշտական դպրոցների սանուհին արդեն հանդես էր գալիս կոնսերվատորիայում անցկացվող համերգներին, փորձառու երաժիշտներով համալրված այլ համույթների կազմում:

«Հմուտ վարպետներից՝ լինեն դրանք քանոնահարներ թե այլ մասնագիտացում ունեցող երաժիշտներ, շատ բան եմ սովորել, և շարունակաբար նրանցից քաղում եմ իմ արվեստի կատարելագործման համար անհրաժեշտը, ամենադրականը,- ասում է Մարիաննա Գևորգյանը:- Երբ կատարում եմ որևէ ժամանակակից կոմպոզիտորի գործ, ձգտում եմ անպայման անձամբ նրանից ստանալ տվյալ ստեղծագործության մասին ողջ տեղեկատվությունը՝ ինչպե՛ս և ինչու՛ է արարվել, ի՛նչ է ուզում անձամբ ասել, ուզում եմ հասկանալ երկը՝ հեղինակի աչքերով, իր տրամաբանությամբ, մասնակից եմ դարձնում հեղինակին իմ փորձերին, լսում նրա կարծիքը, հաշվի առնում դիտողությունները: Չէ՞ որ հեղինակն ավելի լավ է պատկերացնում տվյալ ստեղծագործության կատարման յուրահատկությունները»:

Քանոնահարուհու ամենից նախընտրելի հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է: Իր նվագացանկը հարուստ է այլազգի հեղինակների գործերով՝ Պագանինիի «Վարիացիաներն» ու «Կապրիսը», Դյուրենի և Շոպենի վալսերը, Ալբինիսի «Լեգենդը»: Բայց իր համար առավել հոգեհարազատը հայրենի կոմպոզիտորների ստեղծագործություններն են, քանի որ, իր խոսքերով, «կարծես իր ներսից գրված լինեն, իրե՛նն են»: Եթե վերը թվարկված՝ տեխնիկապես բարդ գործերը՝ հատուկ փոխադրված քանոնի համար, հնարավորություն են տալիս ցուցադրելու, թե այդ ստեղծագործությունները ո՛նց են հնչում քանոն գործիքով, բացահայտում և ցուցադրում են ժողովրդական գործիքի հնարավորությունները, ապա սեփական ազգի ակունքների ծնունդ մեծ և փոքր երաժշտական կտավները համահունչ են իր հոգու կառույցին, արձագանքն են իր ապրածին ու զգացածին: Ժամանակակից մի շարք հայ հեղինակներ հենց Մարիաննային են վստահել՝ հատուկ քանոն գործիքի համար փոխադրած իրենց ստեղծագործությունների առաջին կատարումները: Լավագույնս համագործակցում է նաև այլ ազգի երաժիշտների հետ, ու ծրագրեր կան համերգներով հանդես գալու նաև արտերկրում: Բայց կան ստեղծագործություններ, որոնց անթերի, երկնային հնչողությունը գերում, հմայում է քանոնահարուհուն ամենից առավել, ու այդ մասին է նա պատմում մեր զրույցում. «Երաժշտական կատարելության օրինակներ են ինձ համար մեր միջնադարյան տաղերը և իհարկե Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները ,- ասում է Մարիաննան,- ինչքա՜ն զուլալ են, պարզ, ավելորդ տեխնիկա չեն պահանջում. «Սիրտ իմ սասանի», «Հավուն, հավուն», «Գարուն ա», «Կռունկ»,... Ընդամենը երեք տողի մեջ համեմված, առանց որևէ ավելորդության, պարզության մեջ՝ անչափելի՜ էներգիա, անսահման մեծություն: Ամեն ինչ թաքնված է հենց այս պարզության մեջ, և քեզնից պահանջվում է լոկ անաղարտ կերպով կատարել այդ ստեղծագործությունները և դրանով հաղորդել այդ պարզության մեջ ամփոփված ողջ վեհությունը:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարած «Տաղարանի» կազմում ընդգրկվելու և շուրջ երեք տարում իր քաղածի, իր ապրածի մասին պատմում է առանձնակի զգացումով: Հատկապես հիշվել է այն համերգային երեկոն, երբ Մաեստրոն իրեն առաջարկել էր «Տաղարանում» նվագել. «Մենահամերգիս երեկոյին Մաեստրոյի ներկայությունն անակնկալ էր ինձ համար,- իր հուշերն է կիսում երիտասարդ քանոնահարուհին:- Այն կյանքիս կարևոր պահերից եմ համարում և նրա նվիրած ծաղիկները՝ լավագույնը՝ երբևէ ինձ մատուցված ծաղկեփնջերի մեջ: Առանց երկմտելու համաձայնեցի, քանի որ իմ երազանքներից մեկն էր աշխատել նման բարձր ինտելեկտի ու գիտելիքների տեր անձնավորության, արվեստագետի հետ: Այնքա՜ն բան կա նրանից քաղելու մեզ՝ երաժիշտներիս համար, այնքա՜ն լեցուն է նրա ներաշխարհը. միշտ ասելիք ունի և մեզ լիուլի բաժին է հանում իր գիտելիքների ու իմացությունների «պաշարից»: Գնահատված լինելը շատ կարևոր է ցանկացած մարդու, հատկապես արվեստագետի, երաժշտի համար: Մենք տեսնում ենք մեր ղեկավարի գնահատանքը, հոգածությունը.- նշում է զրուցակիցս և շարունակում,- ես այստեղ ինձ գտել եմ, սա ի՛մն է: Չնայած այլ խմբերում աշխատելու առաջարկություններին՝ գերադասում եմ «Տաղարանը», քանզի այստեղ որքան ներդնում, այնքան էլ «սնուցվում եմ»: Այստեղ կա ղեկավար, որից ամեն ինչ է կախված: Իմ հետագա գործունեությունն էլ միայն իմ հողի վրա եմ պատկերացնում և հատկապես՝ «Տաղարանի» հետ: Դեպի առաջ ձգտելիս՝ պետք է մտածել, թե ինչ ես թողնում և գուցե կորցնում հետևում: «Տաղարանի» հետ ես անցնելիք ճանապարհ ունեմ:

Առաջնորդվում եմ իմ անցած ստեղծագործական ուղու՝ բավական բարդ դասերով: Պատահել է, երբ ծայրագույն հոգեկան խռովքի պահեր եմ ապրել համերգներին, անգամ՝ միջազգային մրցույթին մասնակցելիս, բայց այդ դեպքում էլ կարողացել եմ հավաք ու կոկիկ բեմական կեցվածքով, հավուր պատշաճի ներկայանալ: Մարդն ինչպիսին բեմին է, այնպես էլ վերարտադրում և մատուցում է երաժշտությունը: Հանդիսականի աչքը «սուր է», անգամ՝ առավել, քան մասնագետ-երաժշտագետներինը: Նրա աչքից ու լսողությունից չի վրիպում երաժիշտ-կատարողի՝ նույնիսկ պատահական, աննշան թերացումը: Անձնական ապրումներդ պետք է հաղորդես երաժշտությամբ, իսկ դրա համար հասունացում է պետք, հուզական աշխարհի հարստություն, ընկալման և մատուցման՝ տարիների փորձով մշակված կուլտուրա»:

«Մերօրյա քանոնահարների մեջ աչքի զարնող է՝ իր գործին՝ հաճախ անձնուրացության հասնող նվիրվածությամբ, իր կատարողականությամբ.- Մարիաննայի մասին կարծիք է հայտնում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Երկանյանը:- Բավական վարժ, շատ անգամ՝ վիտոուզության հասնող տեխնիկա ունի, բեմի համար, այսպես ասած, «մեռած է», շատ արտիստիկ, գեղեցիկ և իր սկզբունքներն ունեցող՝ թե՛ կյանքում, թե՛ երաժշտական կատարողական ասպարեզում: Մի երիտասարդ անձնավորություն, որի հետ կարելի է աշխատել, և այս վերջին տարիներին, ինչ մենք համագործակցում ենք, իր համար մի շարք ստեղծագործություններ եմ գործիքավորել, երբեմն նաև՝ փոխադրել ու մշակել, և ինքը շատ մեծ շնորհակալությամբ, միշտ խոնարհումով, հիացած վերադարձրել է իր գոհունակությունն իր կատարումներով: Լավ բնավորություն ունի, ընկերասեր է, ինչը շատ է պետք կատարողական արվեստում, որովհետև, հակառակ դեպքում, նմռութ մարդուն, ոնց էլ ինքը նվագի, բերանդ չի բացվում որևէ բան ասելու: Սիրում է դիտողություններդ լսել, նույնն անել, սիրում է նաև իր պատկերացումները ներկայացնել, հետևել խորհրդիդ, հետամուտ լինել կատարելության...»:

Սեփական հուզաշխարհի ողջ գուներանգը տալու լավագույն միջոցը, ըստ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի, խոշորածավալ երաժշտական կտավների՝ կոնցերտների կատարումն է, երբ հնարավորություն է ընձեռնվում կատարման վարպետությունը ցուցադրելուն համընթաց հատկապես ստեղծագործությունների քնարական հատվածներում ներկայացնելու սեփական հուզական աշխարհը, լիովին ի ցույց դնելու արվեստագետի անհատականությունը: Ու իր համոզմամբ,եթե հարուստ չէ հոգեաշխարհդ, գործն էլ դատարկ կհնչի: «Գործիքս ինձ նման է,- ասում է քանոնահարուհին:- Շուտ է նեղանում: Երբ երկար ժամանակ չեմ նվագում, ձայնն ուղղակի դուրս չի գալիս: Գործիքի վրա պիտի անընդմեջ նվագես, որ ձայնը հնչի: Ես կարողանում եմ քանոնիս վրա գտնել այն հատվածը, որտեղ երաժշտությունը շատ լավ կհնչի, ասելիքս լիարժեք տեղ կհասնի: Ցանկությունս է «Տաղարանի» կազմում կատարել Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը, որի գործիքավորումը խիստ աշխատատար ու ժամանակատար գործ է, բայց ինչը, հուսով եմ, Մաեստրո Սեդրակ Երկանյանը երբևէ կիրագործի:

Հանդիսականը բեմին տեսավ բարակ շյուղ աղջկան, որ նույնացած է իր քանոնի հետ...

Հասմիկ Սարգսյան