Վահան Չերազը (1886-1927), ով արևտահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր և գրող Մինաս Չերազի եղբորորդին էր, ծնվել է Կոնստանտինոպոլսում, սովորել Պոլսի և Փարիզի ուսումնական հաստատություններում: Նա հայկական սպորտի հիմնադիրներից մեկն է համարվում, ինչպես նաև` Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրը: Վահան Չերազի և նրա համախոհների ջանքերով էր, որ դեռևս 1908 թ. Պոլսում ստեղծվեց հանրահայտ «Տորք» հայկական մարզական ակումբը, որտեղ նա ֆուտբոլի թիմի առաջատար խաղացողն էր: Նշենք, որ 1912-ին «Տորք» մարզական ակումբը Պոլսում կազմակերպում էր արդեն լողի, թենիսի ու հեծանվավազքի մրցումներ:

1914 թ., երբ սկսվում է 1-ին աշխարհամարտը, Վահան Չերազը մեկնում է Թիֆլիս, ընդգրկվում Զորավար Անդրանիկի կամավորական ջոկատում և նրա հրամանատարությամբ մասնակցում տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններին ընդհուպ մինչև 1919-ը: Անդրանիկի ջոկատի կազմալուծումից հետո Չերազը մեկնում է Պոլիս, ապա Հայաստանի կառավարության, մասնավորապես Կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով 1920 թ. նա նորից վերադառնում է Հայաստան` ձևավորելու համար նոր ստեղծվող հայկական սպորտը և սկաուտական շարժումը: Հայաստանի խորհրդայնացումից հետո, չնայած սպառնացող վտանգին, Չերազը մնում է Հայաստանում, իսկ 1921-ին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը:

Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազն Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ)` զբաղվում է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր: 1924-ին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ: Սակայն 1927-ին Չերազը կրկին ձերբակալվում է նույն անհեթեթ` «անգլո-ամերիկյան լրտես» մեղադրանքով և մեկ տարի անց գնդակահարվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=929099430537923&set=a.500519483395922.1073741831.100003136245