«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հետ անելիք դեռեւս շատ կա:

«Թե՛ մենք եւ թե՛ Հայաստանի կառավարությունը դեռեւս անելու շատ բան ունենք, որպեսզի մեր հարաբերությունները առեւտրային, տնտեսական ոլորտներում առավել խորանան: Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, եւ որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետեւանքով փակվում են շուկաները, ձեւավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, եւ արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ:

Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսեւորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը եւ ամենամեծ խոչընդոտը բացելու երկիրը առեւտրի եւ ներդրումների համար»,- ասաց ԱՄՆ դեսպանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում