Մի քանի օր առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա»-ն չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, ՊՆ-ից վստահեցրել էին, որ ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր, և, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին:

Այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրած ասուլիսին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը պնդել է իր ավելի վաղ հայտնած տեղեկությունը՝ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանական զինուժ կա, և, որ պատրաստ է փաստարկներ ներկայացնել:

Հակոբյանը նաև նշել է, որ ադրբեջանցիները երկու օր առաջ դարձյալ ընդլայնվել են և՛ երկայնքով, և՛ մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել:

168.am-ը փորձել է Պաշտպանության նախարարությունից ճշտել՝ ներկա դրությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական քանի՞ զինծառայող կա: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ հստակ թվի չեն տիրապետում, միայն գիտեն՝ 1000-ից ավելի չի:

«Նշենք, որ 5 օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների թիվը 500-600 է: Դրանից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 13-ին, Փաշինյանը հայտարարել էր 250 ադրբեջանցի զինվորականների Հայաստանի սահմաններից ներս գտնվելու մասին:

Ըստ այդմ՝ Սյունիքի մարզպետի տեղեկությունը՝ 1000-ից ավելի ադրբեջանական զինուժի մասին, միանգամայն տրամաբանական է: Իսկ թե «արգելափակված» ադրբեջանական զինուժն ինչպե՞ս է ավելանում օրերի ընթացքում, ԳՇ-ից և ՊՆ-ից չեն ասում:

Մի բան հստակ է՝ ՀՀ տարածքում, մեր քթի տակ ադրբեջանական զինծառայողներն իրենց վատ չեն զգում, չունեն մատակարարման խնդիր, ինչը երևում է նաև այսօր տարածված տեսանյութերից:

Ավելին, ՀՀ տարածքում 13 օր գտնվող ադրբեջանցի զինվորների շարքերում կանայք են ավելացել:


Գուցե Աննա Հակոբյանի օրինակով՝ բարոյական աջակցության նպատակո՞վ են ուղարկվել:

Իսկ տեսանյութերից երևում է, որ նկարահանումները Սյունիքի մարզի հատվածում են»,-գրում է լրատվամիջոցը: