Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ձեռներեց և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահին առընթեր հանրային կապերի գրասենյակը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքի թուրքական տանը ընդունել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում նախագահը գործարարին կոչ է արել բացել Tesla էլեկտրական մեքենաների արտադրության յոթերորդ գործարանը Թուրքիայում։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Թուրքիայի տիեզերական ծրագրի շրջանակներում SpaceX-ի հետ երկրի համագործակցության հնարավոր զարգացումը և Մասկին հրավիրել է մասնակցելու տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կանցկացվի սեպտեմբերի վերջին Թուրքիայի Իզմիր քաղաքում։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահը Մասկին պատմել է նաև Թուրքիայի թվայնացման հայեցակարգի և արհեստական բանականության ոլորտում ազգային ռազմավարության մասին։
Սա թուրք առաջնորդի և ձեռնարկատիրոջ առաջին հանդիպումը չէ։ Անցյալ տարվա վերջին նրանք հանդիպել են Կատարում՝ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ժամանակ։ Զրույցի մանրամասները հայտնի չեն։