Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ այս պահին կա 254 դիմում: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։
«Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 քաղաքապետի որոշում: Նրանք ծանուցվել են վճարումների վերաբերյալ, բայց այս պահին դրությամբ դեռ վճարումներ չունենք»,- մանրամասնեց Մուրադյանը։
Թեմայի վերաբերյալ էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է. «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այս ողջ նախագծի տրամաբանությունն այն է, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով որ տասնամյակներով փաստացի իրենց սեփականության հատվածներ իրենց սեփականությունը չէր հանդիսացել: Հիմա գոնե հասկանանք, թե մեկ քմ-ի համար միջինը ինչ վճարի մասին է խոսքը»,-ասաց նա:
Հայկ Մուրադյանն արձագանքեց, որ ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 կամ 139 հազար դրամ. «25 դեպքերի մասով ունենք 100-650 հազար դրամ վճարի ենթակա գումարներ»: