«Հայկական ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրել է. «Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան. երեկ վստահեցրել են, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դասարաններից մեկի վրա տեղադրված ցուցանակը, որտեղ գրված է «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», հանվելու է:

Նշենք, որ Աժ հանրապետական պատգամավորի անունով դասարանի մասին տեղեկությունը հրապարակել էր irakan.info-ն, ինչն էլ հանրային հնչեղություն էր ստացել՝ հարուցելով շատերի զայրույթն ու վրդովմունքը:

Քաղաքապետարանից երեկ ասացին, թե ցուցանակի վրա պարզապես պետք է գրված լիներ, որ դասարանը վերանորոգվել և կահավորվել է Սամվել Ալեքսանյանի կողմից, ու հավանաբար, ցուցանակը պատրաստող վարպետներն են սխալվել, քանի որ ավանդաբար սովոր են պատրաստել ինչ-որ մեկի անվանակոչության մասին վկայող ցուցանակներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, սակայն, այլ մեկնաբանություն էր տվել։ Նա ասել էր, որ Սամվել Ալեքսանյան պատգամավորն ու մարդը այսօր շատ ընդունված է համայնքի կողմից, քանի որ շատ հոգատար է բնակիչների նկատմամբ, ուստի և որոշվել է նրա անունով դասարան ունենալ»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: