Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր` հուլիսի 13-ին, կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը։

«Տենդ»

Սա պատմություն է միայնակ, չհասկացված կնոջ մասին, որը վախենում է ոչ մեկին պետք չլինելուց: Միակ մարդը, ով նրա կարիքն իսկապես ունի, բեռ է:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Իրա Ուստելնեցնա, նկարահանվել են` Օքսանա Վորոնինան, Լիլբոմիր Գորգան, Իոսիպ Նալդիկը, Վիտորյա Բիլան, Վիկտոր Սարակինը:

«Վերադարձ, կամ մենք կանք 2»

Ֆիլմը պատմում է Ստամբուլում ապրող հայ ընտանիքի մասին: Երկար ճանապարհ կտրելուց հետո նրանք վերադառնում են հայրական տուն: Ստամբուլում ապրելիս նրանց հաջողվել էր թուրքական արքունիքին համոզել և hետ ստանալ այդ տունը: 

Ռեժիսոր և սցենարի հեղինակ ` Արմեն Խաչատրյան

«Ամեն ինչ վաճառքի»

Տղամարդը վաճառում է իր ամբողջ ունեցվածքը: Մի երիտասարդ կին գալիս է գնումներ անելու, բայց մենակ է և պետք է ստանա ամուսնու թույլտվությունը: Վերջինիս սպասելու ընթացքում այս երկուսի միջև ընկերական հարաբերություն է առաջանում: Կինն անհանգստանում է, թե ամուսինն ինչպես կարձագանքի դրան:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Ֆարհադ Ղոլամի: Նկարահանվել են` Սադեղ Մալեք, Թարա Յունեսթաբարդ:


«Կորա Բելուգա»

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Էնրիկի դե Տոմաս, նկարահանվել են` Միգել Էրմոսո, Դիանա Լասարո, Ֆրանսիսկա Ռոդենաս, Վիրխինիա Ռիեսու, Չեֆրա Կաստիլյա:

«Ցյուրիխ»

Հուսահատորեն ջանալով հաղթահարել անցյալը` Նինան թափառում է Եվրոպայի մայրուղիներով: Նա հանդիպում է բեռնատարի գերմանացի վարորդ Մաթիասին և ընկերակցում նրան: 

Ռեժիսոր` Սաշա Պոլաք, սցենարի հեղինակներ` Սաշա Պոլաք, Հելանա վան Մյոլեն, նկարահանվել են` Գերսաք, Գարի Աթսմա, Մարթեյն Լաքեմեյեր:

«Ձկան պոչ»

Գլոբալ արդյունաբերական ձկնաբուծությունը զգալի խնդիրներ է հարուցել Ազորյան կղզիների Ռաբու դի Պեյշե գյուղում, որտեղ փոքրածավալ ձկնորսությունը վաղուց ի վեր ապրուստի միջոց է: Այս իրավիճակում է հայտնվել ձկնորս Պեդրուն՝ մի երիտասարդ նավապետ, որը, ծովային գործից անպակաս վտանգները չհաշված, ճգնաժամ է ապրում մասնագիտական առումով: 1999-2001 թթ. նկարահանված ֆիլմը ամբողջ տարի հետևում է Պեդրուին և նրա անձնակազմին` արձանագրելով անկախ մնալու նրանց որոշման տարեգրությունը:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Ժոակին Պինտու, Նունու Լեոնել, նկարահանվել են` Պեդրու Մոնիշը և Ռաբու դի Պեյշեի ձկնորսները:

«Անջատիչը»

Բուլղարիայում` ծնողների բացակայությամբ ապրող տղայի ու պապի` հաշտ ու համերաշխ հունիսյան կյանքի մասին է, երբ միասին ճաշ են եփում ուզած ժամանակ: «Ես ընկերուհի չունեի, ոչ էլ աշխատանք կամ ուսում և ըստ սովորության՝ շատ էի կարագ ուտում: Կարդում էի Ավդուսինի «Հնագիտության հիմունքները», բանաստեղծություններ արտագրում ինքնաշեն նոթբուքից: Դա լավագույն հունիսն էր իմ կյանքում»,-ասում է ֆիլմի հերոսը:

Ռեժիսոր Սերգեյ Դախին, սցենարի Մաքսիմ Կուրոչկին, նկարահանվել են` Սաշա Պետրով, Վլադաս Բագդոնաս, Կիրիլ Պիրոգով:

«Ընտանեկան ալբոմ»

Բյուրակն Անդրեասյանը գրեթե 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: Նա 10 տարեկան էր, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալեցին իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրա ամուսնու՝ Ռաֆայել Իշխանյանի հայրը նույնպես սպանվել էր բռնաճնշումների հետևանքով: Նրանց թոռը Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակնի հետ շրջում՝ բացահայտելու իր նախնիների հետևում կանգնած պատմությունը:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Հովհաննես Իշխանյան, նկարահանվել են Բյուրակն Անդրասյանը, Վահան Իշխանյանը, Ռաֆիկ Պապոյանը, Ալլա Կիրակոսյանը, Ալյոնա Թումանյանը, Դավիթ Ջիշկարիանին:

«Գետը կարմրել էր»

Երեսուն ականատեսների վկայությունների միջոցով ֆիլմը պատկերում է 1915-ին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը վերապրածների որոնումը: Քննարկվում են Ցեղասպանության պատճառները հայոց և թուրքական պատմությունների համատեքստում: Մեծ տեղ է հատկացված հայերի տեղահանման հրամաններին, ամերիկացի միսիոներների և հյուպատոսների հաղորդումներին, որբ երեխաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքին ու նրանց աքսորին դեպի անապատ, բռնի դավանափոխությանը, ինքնության կորստին և գաղտնի հեռագրերին:

Մրցանակներ՝ լավագույն միջազգային պատմական վավերագրություն, Նյու Յորքի Կինոյի և տեսաֆիլմերի ՄՓ, ԱՄՆ, 2009, «Արծաթե էկրան» մրցանակ, ԱՄՆ-ի Կինոյի և տեսաֆիլմերի ՄՓ, 2009

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Մայքալ Հակոբյան,

«Անհետացած պատկերը»

Ռիթհի Պանը գործի է դնում տիկնիկներ, արխիվային տեսանյութեր և իր պատումը 1975-79 թվականներին Կամբոջայում Կարմիր կհմերների կատարած վայրագությունների պատկերը վերստեղծելու համար:

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ռիթհի Պան, նկարահանվել է Ռանդալ Դուկը,

«Գաղթից գաղթ»

Վավերագրական ֆիլմը ներկայացնում է իրանահայ անվանի բանաստեղծ և թարգմանիչ Ազատ Մաթյանի կյանքն ու գործը և այդ առիթով պատմում նաև իրանահայության պատմության որոշ դրվագների, ինչպես նաև իրանահայության՝ Միացյալ Նահանգներ արտագաղթելու մասին:

Ռեժիսոր և սցենարիստ` Ռոբերտ Սաֆարյան, նկարահանվել է Ազատ Մաթյանը:

«Ավդոյի մեքենան»

Խորհրդային կարգերի հաստատման տարիներին հին Երևանի առաջին ավտովարորդի ու կառապանների միջև հակասության մասին է։

Ռեժիսոր` Դմիտրի Կեսայանց, սցենարի հեղինակներ` Դմիտրի Կեսայանց , Վալտեր Արամյան,
Նկարահանվել են` Իվան Գրիկուրով, Ս. Մխիթարյան, Մուրադ Կոստանյան, Գևորգ Ոսկանյան, Ժիրայր Պետրոսյան, Արմեն Խոստիկյան:

«Տերտերին ուխտը»

Որսորդին իր գյուղում քահանա են կարգում: Նա խոստանում է այլևս որս չանել: Չնայած խոստումը դրժելուն, նրան թույլ են տալիս մնալ եկեղեցում:

Ռեժիսոր` Հենրիկ Մարգարյան, սցենարի հեղինակներ` Լևոն Ղարագյոզյան, Լևոն Բաշալյանի համանուն պատմվածքի հիման վրա:

Նկարահանվել են` Գուժ Մանուկյան, Աշոտ Քաջվորյան, Սոս Սարգսյան, Ակակի Կվանտալիանի, Վերջալույս Միրիջանյան, Արմեն Խոստիկյան: