Ուրմիա լիճը (հնում՝ Կապուտան ծով) անհոսք աղի լիճ է Իրանի հյուսիս-արևմուտքում: Կոչվել է նաև Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա անվանումները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
Ուրմիան հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Աղիությունը շատ բարձր է, որի պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնանմաններ և որոշ ջրիմուռներ: Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Օդը հագեցած է աղի փոշով: Ուրմիան տեկտոնական լիճ է, այն բավականին ծանծաղ է, ամենախորը հատվածում ընդամենը 15 մետր է: Համեմատության համար նշենք, որ Վանա լիճն ունի 451 մետր, իսկ Սևանը` 80 մետր խորություն, սրանք տեկտոնա-արգելափակման ծագման լճեր են:
Ուրմիա լիճը ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Աղիությունը շատ բարձր է՝ 150-250 պրոմիլ, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։
Լճում կա 60 կղզի՝ գլխավորապես հարավային մասում: Խոշորներն են՝ Էշակ, Թելա, Ձիերի, Շահի: 1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի՝ ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի: 1970 թվականին լճին վերադարձվել է նախկին անունը: Լճի 60%-ը վերջին տասնամյակների ընթացքում ցամաքել է:
Ծանոթանալով զուտ թվական և փաստական իրավիճակին՝ ակնհայտ է դառնում Իրանում ստեղծված ցայտնոտային թվացող գործելաոճը:
Հարկ է նշել, որ Իրանի ներսում Ուրմիայի չորացման խնդիրը լուրջ քաղաքական շահարկումների հարց է: Մասնավորապես, խնդիրը շահարկվում է այսպես կոչված Հարավային Ադրբեջանի պանթուրքիստական զանազան խմբավորումների կողմից, քանի որ լիճը ներկայում գտնվում է պատմական Ատրպատականի տարածքում:
Ուրմիան չորացել է 65 տոկոսով: Իրանի Շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերով կազմակերպության քարտուղար Մուհամմեդ Ֆազելն ասել է, որ իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ:
Լճին առանձնակի ուշադրություն դարձվեց այն բանից հետո, երբ պարսկական Մեջլիսի պատգամավոր Ալի Ալիլուն իրանցի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնել Հայաստանից ու Վրաստանից, մասնավորապես՝ Կուր գետից եւ Սեւանա լճից բերված ջրերով:
Իրանի` վերջին մի քանի տասնամյակների իշխանության բոլոր ներկայացուցիչները փորձել են լճի վերակենդանացման խնդրի համար հարմար տարբերակ գտնել: Սակայն Սևանից Ուրմիա ջուր տանելը աբսուրդից բացի այլ բան չես կարող կոչել, դա նույնն է, որ մի օր մեր հարավային հարևանները լիճը փրկելու փորձերը կազմակերպեն Կասպից կամ Լապտևների ծովերից արհեստական ջրերի հոսք կազմակերպելու օգնությամբ:
Փաստենք մի հանգամանք ևս, որ վերջին հայտարարության հեղինակը պատգամավոր է, ում հայտարարությունները բնականաբար պաշտոնական չեն կարող դիտվել:
Արմեն Հովասափյան-Facebook