Վարդաշեն ՔԿՀ-ից այսօր՝ մայիսի 25-ին, ազատ արձակվեց 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:  Նրան ՔԿՀ-ի դիմաց դիմավորեցին ընկերները, հարազատներն ու աջակիցները:

Ավետիսյանը ՔԿՀ-ից դուրս եկավ իր աճեցրած վարդերով, որոնք նվիրեց իրեն դիմավորող կանանց։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ շարունակելու է իր պայքարը անարդարության դեմ եւ ՔԿՀ-ից անմիջապես գնալու է Հանրապետության հրապարակ եւ նստացույց է սկսելու՝ պահանջելով, որ Հայաստանում գործի վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը։

Նշենք, որ 2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում է ազատ արձակվել:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Նա դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: Նրա վրա համաներումը չէր տարածվել: