«Միշտ հպարտ եմ եղել եւ հպարտ եմ, որ ունեմ Նորոյի նման որդի»: 2016 թվականի ապրիլյան պատերազմից անցել է 2 տարի, բայց տիկին Նունեն հրաժարվում է որդու մասին խոսել անցյալով: Նրա համար Նորոն, միանշանակ, ներկան է: Տաղանդավոր պարուսույցը, պարի վաստակավորը, նվիրված զինծառայողը եւ պարզապես Կապանի լուսավոր երիտասարդը. տիկին Նունեն վստահ է՝ Նորիկ Գասպարյան անունը դեռ շատերը կիմանային:
Հայաստան-Ռուսաստան ճանապարհն ընտանիքի համար եղել է դժվար, բայց եւ հաղթահարելի, որդիները ծնողներին ուժ էին տալիս:
«Պատերազմի գոտում էինք ապրում, դժվար էր, դրանից ելնելով՝ որոշում կայացրինք գնալ Ռուսաստան. սկզբում ամուսինս մեծ որդուս հետ միասին գնաց, ես ու Նորոս մնացինք, հետո էլ մենք միացանք: 10 տարի ապրեցինք այնտեղ, ու որդիներս ցանկություն հայտնեցին վերադառնալ, նրանց ուղարկեցի Հայաստան, հայերենին շատ լավ չէին տիրապետում, հորաքույրը սովորեցնում էր: Ուսումը շարունակեցին արդեն Կապանում: Ծառայության անցնելու ժամանակաշրջանում ես պարզապես առաջարկեցի նրան ծառայել Ռուսաստանում, բայց կտրականապես դեմ էր, ասաց՝ ես ուզում եմ մնալ Հայաստանում, հենց այստեղ էլ գնալ բանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հերոսի մայրը:
Պահանջկոտ էր, ակտիվ ու նախաձեռնող. թե՛ Ռուսաստանի, թե՛ Կապանի դպրոցներում միանգամից էր աչքի ընկել, միջոցառումների, համերգային ծրագրերի ժամանակ միշտ առաջինն էր:
«Ամենից առաջ ես զգում էի՝ Նորոս արվեստի մարդ էր: Տասը տարեկանում հայտարարեց, որ ուզում է պարարվեստով զբաղվել, հայրն էլ ձեռքից բռնեց ու տարավ մեր Կապանի մշակույթի կենտրոն: Նրա հաջողություններն այս ոլորտում միանգամից երեւացին. 15-16 տարեկանում արդեն իր սեփական նախագծերն ուներ, Նորոս 150 աշակերտի պարուսույցն էր. Կապանում նրա անունը ցնծում էր: Բանակից գալիս էր արձակուրդ. երբ ընկերներն ուզում էին տեսնել նրան, Նորոս ասում էր՝ տուն չգաք, միանգամից մշակույթի պալատ:
Ասում էր՝ ընկեր Էրիկը մենակ ա. նրա աջ ձեռքն էր: Իսկական արվեստի մարդ էր, ու այդ ամենը նրա համար քիչ էր, նա դեռ այնքան բան կաներ: Նորոն շատ էր ուզում ուսանող լինել, սիրում էր կյանքը: Մի օր եկավ մոտս, ասաց՝ մամ, ես այնքան լավ եմ ապրել, ինձ ամեն ինչ տվել եք, բայց մտածում եմ՝ Հայաստանում շատ երեխաներ կան, որ այդ ամենը չունեն: Նորոս կամեցող էր: Շատ դժվարություններ ենք ունեցել, բայց աշխատել ենք, այնպես ենք արել, որ որդիներս որեւէ բանի կարիք չունենան»:
Նորայրն ընդունվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին ու միանգամից զորակոչվեց բանակ. սկզբում՝ Հոկտեմբերյան, ապա Ջրական (Ջաբրայիլ):
«Այդ ընթացքում մենք գնում էինք Ռուսաստան, գալիս էինք: Տանկիստ Նորոս սերժանտ էր: Ծառայությունը լավ էր ընթանում: Լավ ծառայության համար հաճախ էին արձակուրդ տալիս, պատվոգրեր էր ստանում: Մոտ մի ամիս ծառայություն էր մնացել, բայց Նորոս այնքան լավ էր ծառայում, որ հրամանատարը թույլ էր տվել մարտի վերջին արձակուրդ գնալ, Նորոս ասել էր՝ չեմ ուզում, բան չի մնացել, կծառայեմ, կգնամ, մամայենց էլ նեղություն տալ չեմ ուզում, բայց ով իմանար, որ այսպես կստացվի: Բայց շատ էր սպասում զորացրվելուն, բոլորին շատ էր կարոտել:
Ծառայությունից էլի մի դեպք եմ հիշում. արձակուրդ էր եկել, նստած էինք, դարձավ ինձ ու ասաց՝ մամ, կտեսնես, ես զոհվելու եմ, դու հերոսի մայր ես դառնալու: Բարկացա, ասացի՝ էլ նման բան չասես»:
Պատերազմը սկսվելուն պես, Նորիկը զանգել էր եղբորը, ասել էր, որ ծնողներին ոչինչ չասի, նա գնում է պատերազմ:
«Ասել էր՝ մամային, պապային չասես, բայց եթե պետք լինի, գլուխս էլ կտամ: Մյուս որդիս ավելի ուշ պատմեց այդ մասին: Չեմ կարողանում բառերով ասել, թե մեր 18 տարեկան տղաները ինչ արեցին: Որդուս մեջ այնքան կյանք կար, երբեմն մտածում եմ՝ Նորոս կարծես այդ մի քանի տարում 100 տարվա կյանք ապրած լիներ: Ծնողին, ախր, իր երեխան է պետք: Ես արդեն սկսել էի աշխատանք փնտրել, Երեւան էինք ուզում տեղափոխվել Նորոյիս գալուն պես: Ամուսինս պիտի գար, տեղափոխվեինք, շարունակեինք ապրել»:
Տիկին Նունեն վստահ է՝ հենց ծնողներն են որդիներին, նրանց անունը կենդանի պահում: «Ես գիտեմ, որ մեր երեխաներն իսկապես հերոսներ են: Այս երեխաների սխրանքը պատմության մեջ կմնա ու պետք է միանշանակ հիշվի ու գնահատվի: Եթե իմանամ, որ ունեմ հնարավորություն ինչ-որ բան անելու, փոխելու, ես դա կանեմ, բայց հիմա գիտեմ՝ ես պիտի ապրեցնեմ Նորոյիս: Ես ամեն օր էլ՝ սպասում եմ նրան, գիտեմ՝ նա կա ու նույնիսկ ներկա է այս զրույցին: Մենք հիմա Հայաստանում ենք եւ չենք գնալու. մեր որդին նախընտրեց այս ճանապարհը, էլ ուր գնանք»:
Նյութի աղբյուրը՝ 168.am