«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի ընկերոջ՝ քանդակագործ Մարտին Կակոսյանի որդին առաջարկում է Սասունցի Դավթի արձանը Երևանի երկաթուղային կայարանից տեղափոխել Հանրապետության հրապարակ:
Մարտին Կակոսյանի որդին՝ Կարեն Կակոսյանը, շուրջ 30 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում: Կարճ ժամանակով հայրենիքին ու հարազատներին այցելության եկած Կակոսյանը նախքան ԱՄՆ-ը վերադառնալը մեծ ցանկություն ունի Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու թույլտվություն ստանալ:
Նա պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնել արձանի նախ վերանորոգման (դրա կարիքն, ըստ մեր զրուցակցի, քանդակն իսկապես ունի), ապա տեղափոխման բոլոր ծախսերը: Քանդակագործի որդին անկեղծացավ, որ չի պատկերացնում, թե այդ գործընթացը կազմակերպելու համար ում պետք է դիմի և ինչից սկսի:
Նա արձանի տեղափոխման համար պատրաստ է ընտանիքի հետ միասին աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ կազմակերպչական բոլոր առումներով, եթե իհարկե՝ ստանա Քոչարի ժառանգների, համապատասխան գերատեսչությունների թույլտվությունն ու հասարակության դրական կարծիքը: «Սա այնպիսի հարց է, որը ազգային որոշմամբ պիտի լինի: Սասունցի Դավթի արձանը մեր ազգի պատկերն է, մեր հոգին է, նրա տեղը Թամանյանական հրապարակում է, որպես մեր ազգի խորհրդանիշ»,- նկատեց քանդակագործի որդին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: