«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը սկսել է մրցույթի շրջանակում իր շրջագայությունները։ Երգչուհին արդեն հասցրել է ելույթ ունենալ Մադրիդում, շփվել «Եվրատեսիլ»-ի մյուս մասնակիցների ու երկրպագուների հետ, իսկ օրերս Ամստերդամում էր, որտեղ մասնակցել է եւս մեկ եվրատեսիլյան միջոցառման ու հանդիպել միջազգային մամուլի ներկայացուցիչներին։

Խոսելով «Եվրատեսիլ»-ի բեմում սպասվող իր ելույթի մասին, Eurovision 365-ին Բրյունետը պատմել է,-«Չեմ ցանկանում շատ բան բացահայտել, միայն կասեմ, որ ամեն ինչ լինելու է շատ էմոցիոնալ, նաեւ փոքրիկ անակնկալ կլինի»։

Երգչուհին նշել է, որ եթե հաղթի, դա կլինի երազանքի իրականացում։ Ըստ Բրյունետի «Եվրատեսիլ»-ը նման է ընտանիքի,-«Մենք՝ հայերս, շատ ենք կարեւորում մեր ընտանիքը, իսկ «Եվրատեսիլ»-ը ընտանիքի նման է։ Այստեղ ես, ասես, տանը լինեմ։ Կարծում եմ՝ դրա համար են մարդիկ սիրում այս մրցույթը»։

 Ո՞վ է քո ապագա սիրելին՝ Բրյունետից հետաքրքրվել է Wiwibloggs կայքի հայտնի բլոգեր Ուիլյամը․ «Չգիտեմ․․․ միգուցե նա այստեղ է։ Պետք է նրան գտնեմ, եւ որքան հնարավոր է, շուտ»,-հարցին հումորով պատասխանել է հայ երգչուհին՝ հավելելով, որ չունի առանձնահատուկ պահանջներ,-«Կարեւորը այն է, ինչ ներսում է թաքնված»։

Անդրադառնալով իր Future Lover երգում հնչող panick attack (տագնապի հարվածներ) արտահայտությանը՝ Բրյուետը նշել է,-«Սա ինձ համար, իսկապես, էմոցիոնալ ստեղծագործություն է։ Այո, նախկինում ես ինքս պայքարել եմ այդ տագնապի դեմ, գիտեմ, որ շատ մարդիկ են պայքարում հոգեկան առողջության համար, եւ այս թեման ինձ համար շատ կարեւոր է։ Կարծում եմ՝ ոչ միայն բառերը, այլեւ երաժշտությունն է արտահայտում այդ միտքը․ երգը սկսվում է շատ հանգիստ, իսկ հետո հանկարծակի դառնում խենթ։ Կարծում եմ՝ ամենակարեւորն այն է, որ գտնես քո ներքին խաղաղությունը, սիրես քեզ եւ լինես քեզ հավատարիմ»։