1965թ. հոկտեմբերի 21-ին, Կիրովական քաղաքի Դիմաց կոչվող թաղի տներից մեկում, ութսուն տարեկան հասակում վախճանվեց ութ զավակների հայր, հայ ազատագրական պայքարի նվիրյալ, Զորավար Մուրադ Չաուշը:

Քաղաքն այդպիսի հուղարկավորություն չէր տեսել: Հողին էին հանձնում Դերջանի թագավորին: Տղան՝ Հենրիկը, պահել էր հոր գրառած էջերը, իսկ մնացածն իր հետ տարավ, պահ տվեց հողին, որ հող-հայրենին զորանա ու նոր հերոսներ ծնի․․․

1916 թ. ռուսական զորքն առաջ է շարժվում եւ մոտենում Դերջանին: Հայ կամավորներից շատերը Դերջանի շրջանից էին եւ մտքով ժամ առաջ տուն էին թռչում: Թուրքերն ուժեղ դիմադրում էին: Կիպրանոսը որոշեց անցնել թշնամու թիկունքն ու անակնկալի բերել նրան:

Մտքինը պատմեց Պանդուխտին․ նա էլ համաձայն էր: Հագնելով թուրք փաշայի համազգեստ եւ վերցնելով երկու հարյուր կամավորներ՝ Կիպրանոսը գործի անցավ: Ամբողջ գիշեր սողեսող գնացին եւ անցան սարի հակառակ կողմը՝ թուրքերի թիկունքը:

Լուսադեմին Մուրադ Չաուշը թրքական համազգեստ հագած իր քաջերին կարգի բերեց, շարեց ու զինվորական քայլով մոտեցան պահակախմբին.

- Զեկուցե՛ք փաշային, որ օգնության ենք եկել:

Կիպրանոսին իր չորս թիկնապահների հետ ուղեկցեցին հրամանատարի վրանը: Ողջույններ փոխանակելուց հետո փաշան քարտեզը փռեց եւ մանրամասը սկսեց բացատրել իրադրությունը:

- Մեր դեմ կատաղի կռվում են հատկապես հայ կամավորները՝ ֆիդայինները,-մտահոգ ասաց նա:

- Այդ ֆիդայիններին հիմա տեսնում ես այս վրանում. ես Մուրադ Չաու՛շն եմ, նա, որ երդվել է իր ճանապարհին կենդանի թուրք չթողնել:

Փաշան ու վրանում գտնվող ասկյարները սարսափից դողում էին... Գործն արագ վերջացնելով՝ Չաուշը մի ամեհի առյուծի նման դուրս թռավ վրանից ու ձայնեց.

- Ձե՛զ մատաղ, Դերջանի քաջե՜ր․․․

Հրամանը տրված էր: Տղերքը նռնակահար արեցին թրքական բանակատեղին: Արյան լիճ գոյացավ՝ իր մեջ կլանելով շեյթանի զավակներին: Կամավորները հեռվից լսելով պայթյունների ձայնը՝ գրոհի անցան... Դերջանի գավառն իր գյուղերով ազատագրվեց:

Հեռվից Աստվածամոր նման ժպտում էր Մարիամ լեռը:

ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ, «ՀԱՅ ՄԸ», Կիրովական, 1991թ.