Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետները համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ՝ ոլորտի արդիական ներուժը կենտրոնացնել Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ։ ՏՏ ոլորտի 30 ձեռնարկության 200-ից ավելի մասնագետներ «ԴիջիԹեք» ցուցահանդեսի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացին իրենց արտադրանքը։

Tert.am-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ ՏՏ ոլորտի մասնագետներ ջանքերով արտադրվել է 5 տեսակի պաշտպանական և հարձակողական գործիք։ 1-ին գործիքն ապահովում է պաշտպանություն օտարի անօդաչու սարքերից, 2-րդը հայտնաբերում է օտարի սարքերը, 3-րդը՝ ոչնչացնում հայտնաբերված սարքերը, 4-րդը՝ կառավարվող հարձակողական զինատեսակներ են, 5-րդը՝ կապը գաղտնագրող, բանակի էլեկտրոնային կառավարման գործիքները:

«Այդ հանդիպումից հետո հարաբերությունները դարձան պայմանագրային: Պետք է ասեմ, որ ցուցադրված նմուշներն արդեն ռազմական փորձարկումներ են անցել և գնահատականներ ստացել»,-ասաց ՏՏ մասնագետը։

Կարեն Վարդանյանի խոսքով՝ այժմ ՏՏ ոլորտի մասնագետների ստեղծած նախագծերը նպատակին ծառայեցնելու ամենադժվար փուլն է՝գործիքները ենթակա են զանգվածային արտադրության, բայց պատվերներ չկան:

«Մենք ընդամենը ցույց ենք տվել, որ զինատեսակներն աշխատում են, բայց զինատեսակները պետք է բազմացվեն և հասցվեն առաջնագիծ, որ սկսեն կյանք փրկել: Մինչ հիմա այդ զինատեսակները որևէ մեկի կյանքը չեն փրկում և որևէ մեկին օգուտ չեն տալիս»,-ասաց նա։

Կարեն Վարդանյանի խոսքով՝ զինատեսակները հրամանատարներին հնարավորություն են տալիս պլանավորել և իրականացնել թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական գործողություններ:

«Պատվիրատուն գերագույն գլխավոր հրամանատարն է, Պաշտպանության նախարարությունն է: Արտադրության մենք պատրաստ ենք: Նախագծման ժամանակ զինատեսակներն արտադրելու պայմանները հաշվի ենք առել: Այնպես ենք նախագծել, որ Հայաստանում հնարավոր լինի արտադրել: Հիմա հերթը պատվիրատուինն է: Պատվիրատուն կպատվիրի ՞, որպեսզի ամբողջությամբ փոխի պատերազմի և հակառակորդի հետ հարաբերություններ բնույթը: Հիմա տեխնիկապես մենք դա արել ենք: Մնում է ռազմական որոշում, համապատասխան փոփոխություններ ռազմական կառուցվածքների մեջ և այլն: Լուծումը մենք տվել ենք, այն լուծումը, որ սահմանի վրա մեր զինվորները չզոհվեն»: